Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/408

Այս էջը հաստատված է

բոլոր դառնությունը փորձել էր իր անձի վրա. նա ատում էր միայն ճնշող և հարստահարող ընտանիքը, բայց դեռևս չգիտեր, թե ընտանիքը մի օղակ էր հասարակական կազմակերպության ամբողջ շղթայակապի մեջ, և թե ընտանիքի վատ հատկությունները տարածվում են ամբողջ հասարակության վրա։

Ստրկությունը տանելի է լինում և մինչև անգամ անցնում է անզգալի կերպով, երբ մարդ դեռ չէ հասկացել, թե ինչ բան է ազատությունը։ Այնպես էլ ընտանեկան բռնակալությունը տանելի և բոլորովին սովորական է դառնում ճնշված, հարստահարված անդամների համար, երբ կյանքի ավելի լավ և ավելի վայելուչ կողմերը նրանց ծանոթ չէին։ Անցկացնելով իր թշվառ երեխայությունը, Ստեփանը, որպես տղա, սկզբում չէր կարող հասկանալ բոլոր ճնշումը, բոլոր ապականությունը այն մթնոլորտի, որի մեջ վարել էր նա իր կյանքի առաջին տարիները։ Բայց երբ կտրվեցավ նա ընտանիքից, երբ ուղարկվեցավ մի ուրիշ քաղաք, երբ դպրոց մտավ, երբ բավական զարգացավ,— այն ժամանակ միայն հասկացավ, թե որպիսի շրջանի մեջ դժբախտություն էր ունեցել ինքը ծնված լինել։ Այն ժամանակ ամբողջ անցյալը, դառն և սարսափելի անցյալը միանգամով ծանրացավ նրա սրտի վրա։ Դա մի սոսկալի հեղափոխություն է մարդու կյանքի մեջ։ Դա արբած մարդու այն դրությունն է, որ իր մարմնի վերքերը տեսնում է այն ժամանակ և նրանց ցավը զգում է այն ժամանակ, երբ հանկարծ սթափվում է։ Նույնը պատահեցավ և Ստեփանի հետ։ Երբ ինքնաճանաչությունը բաց արեց նրա աչքերը, այն ժամանակ հիշողությունը մի հարուստ և բաղադրյալ պանորամայի նման սկսեց միմյանց ետևից երևան հանել անցյալ կյանքի ծածկված պատկերների մինը մյուսից ավելի տխուր և ավելի սև գույներով նկարված։ Այն ժամանակ ծագեց նրա սրտի մեջ խաբված մարդու դառն ատելությունը, որ հասնում է կատաղի վրեժխնդրության զգացմունքի, երբ մտաբերում է, թե իրան խաբել էին, թե օգուտ էին քաղել իր անհասկացողությունից, ճնշել էին, հարստահարել էին և չէին տվել այն, ինչ որ պետք էր, ինչ որ արժան էր։

Ստեփանի ատելությունը, դեպի հոր բռնակալությունը ավելի սաստկանում էր այն ժամանակ, երբ նա տեսնում էր, որ ինքը ունի մայր, որ միշտ բարի է եղել դեպի նա, որ միշտ սիրել է նրան մայրական սրտի բոլոր քնքշությամբ, բայց նա ևս ավելի վատթար, քան թե ինքը, անբախտ էր և նույն բռնակալության զոհ։ Նա տեսնում էր իր քույրերին, այն անմեղ և նազելի արարածներին,