Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/410

Այս էջը հաստատված է

քաղաքի աոաջին հարուստն է, էլ ինչն է ստիպում թողնել տուն, տեղ, մայր, քույրեր, ազգական և գնալ նորից չարչարվել, թե ինչ է, ես պետք է բոլոր գրքերը սովորեմ։

— Թող տուր, մայր,— խոսեց որդին տհաճությամբ,—— ես չեմ կարող քեզ հասկացնել, թե ուսումը, գիտությունը չեն սովորում միայն չինովնիկ դառնալու կամ փող վաստակելու համար, և ոչ կարող եմ քեզ համոզել, թե կան նպատակներ, որոնք ավելի բարձր են փողից և չինովնիկությունից, իսկ ինչ որ վերաբերում է իմ հոր հարստությանը, խնդրում եմ այդ մասին ինձ հետ չխոսել։

— Ախար էլ ո՞ւմ համար է, ասա, ո՞ւմ համար, քեզանից ավելի խո մի ուրիշ որդի չունի, էլ ո՞ւմ պետք է մնա այնքան փողը։

Ստեփանը, որին երբեք չէր պատահել խստությամբ խոսել մոր հետ, լսում էր նրա խրատները բավական վրդովված կերպով նրա երեսի գույնը հազար տեսակ փոխվեցավ, նրա շրթունքները դողդողում էին, և աչքերի մեջ արտահայտվում էր սարսափելի խռովություն։

— Ես թքել եմ այն հարստության վրա, որի մասին դու խոսում ես, մայր,— ասաց նա խորին արհամարհանքով,— ինձ պետք չէ նա, նրա վրա անեծք կա, որ հավիտյան կմնա, նրա ամեն մի կոպեկի մեջ հազարավոր մարդու արտասուք և արյուն կա․ զզվելի է այս տեսակ հարստությունը։

Եվ ավելացրուց նա, թե ինքը դեռ գիմնազիայի վեցերորդ դասարանումն էր, երբ մերժեց հորից փող ստանալ, և եթե մինչև այն օր ստանում էր, պատճառն այն է, որ դեռ երեխա էր, չէր հասկանում, դեռ լավ չէր ճանաչել հորը։ Այնուհետև նա հույսը դրեց իր սեփական աշխատության վրա և ապրում էր հիսուն կոպեկանոց դասերով, և այնպես էլ կշարունակե, մինչև բոլորովին կավարտե իր ուսումը։

— Ուրեմն դու էլի՞ պիտի գնաս,— գոչեց մայրը ողորմելի ձայնով։

— Պիտի գնամ, և գուցե շուտով, եթե ես ձեզ այսքան չսիրեի, եթե քույրերիս տեսնել չուզեի, ես այստեղ չէի գալ։

Մայրը արտասուքը աչքերում ասաց, թե ինքը ամենևին ցանկություն չունի հակառակել որդու նպատակներին, որին «իր աչքի լուսի պես սիրում է», միայն աղաչում է չզրկել իրան այն մխիթարությունից, որ գտնում է ամեն օր նրան տեսնելով։ Եվ բաց անելով իր սրտի խորին վերքերր, հայտնեց, թե ինքը դժբախտ է և շատ դժբախտ, թե նա իր ամբողջ կյանքում մի ուրախ օր չի