Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/418

Այս էջը հաստատված է

— Գյուղացին,— շարունակեց աղան,— շատ բարի մարդ է, նա մի լավ սովորություն ունի, որ ասում է, «թե առնողի աչքը ծախողի ձեռին կլինի», և միշտ ավելորդով է տալիս իր մթերքը, քան թե հարկավոր էր, ինչո՞ւ օգուտ չքաղել նրա բարեսրտությունից։

— Այդ լավ, բայց․․․

— Բայց նրան խաբել պետք չէ, ուզում ես ասել,— ընդմիջեց աղան ծիծաղելով,— էդ է հիմիկվա «ադաթը», բոլորը էդպես են անում, դու ուրիշ տեսակ առևտուր ստեղծել չես կարող։

Մինչ Մասիսյանը անծանոթ պարոնի հետ վաճառականական «սատանայությունների» վրա էր խոսում, տիկին Մարիամի սենյակում, որ կից էր աղայի սենյակին, տիրում էր խորին տխրություն։ Օրիորդ Գայանեն սաստիկ հիվանդ էր, նրա մի քանի տարի առաջ ստացած հազը այժմ ցույց էր տալիս բարակացավի բոլոր նշանները։ Հիվանդի մայրը, քույրը, եղբայրը շրջապատել էին նրա անկողինը։ Հայրը գիտեր իր դստեր վտանգավոր հիվանդությունը, բայց բազարից դառնալեն հետո չմտավ նրա մոտ, որովհետև սպասում էր պարոնին, որի հետ այժմ խոսում էր։

— Այսպես չէ կարելի թողնել,— ասաց Ստեփանը։

— Ի՞նչ անենք,— հարցրուց շվարած մայրը։

— Պետք է շուտով կանչել բժշկին,— պատասխանեց որդին։

— Դու չե՞ս իմանում քո հոր խասիաթը...

— Իմանում եմ... բայց թողնել այսպես, որ մեռնի, նրա համար միայն, որ նա մի քանի մանեթ չտա բժշկին։

— Փողի բան չէ...

— Էլ ի՞նչ կա։

Մայրը ոչինչ չխոսեց և, թաշկինակը աչքերին դնելով, սկսեց լաց լինել։

— Ես այս րոպեիս կգնամ հորս մոտ, կպահանջեմ, որ անպատճառ բժիշկ հրավիրե,— ասաց Ստեփանը վրդոհված ձայնով։

Մայրը բռնեց նրա ձեռքից, ասելով.

— Ի սեր աստծո, դու մի գնա, թող ես գնամ, եթե ինձ վրա բարկանալու էլ լինի, ես ձայն չեմ հանի, բայց դու, ով գիտե, մի ղալմաղալ կսարքես։

Տիկին Մարիամը մտավ ամուսնի սենյակը, պատմեց նրան Գայանեի դրությունը և խնդրեց, թե պետք էր բժիշկ հրավիրել։

Աղան կատաղեց։

—Ախր ի՞նչ բան է բժիշկը,— ասաց նա բարկությամբ,— եթե