Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/424

Այս էջը հաստատված է

— Ի՞նչ կա, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես լացում,— աշխատում էր հանգստացնել նրան Ստեփանը։

Միքայելը պատմեց աղայի այն օրվա բարբարոսական վարմունքը իր հետ, ցույց տվեց իր մարմնի վրա կապտած, սևացած տեղերը, որ առաջ էին եկել նրա փայտի հարվածներից, ասաց, որ իրան փակեցին խանութի ստորերկրյա սարդափում, այնտեղ ծեծեցին, ամբողջ օրը այնտեղ բանտարկված մնաց, կամենում էին գիշերն էլ թողնել, բայց ինքը շատ վախեցավ, հետո խանութի մեծ գործակատարը աղաչեց աղային, նրան ներեցին, և ավելացրուց, թե ինքը ոչ մի գործով հանցավոր չէ, իզուր տեղը ծեծեցին և շատ ծեծեցին... լավ էր, որ ուշքից գնաց և չէր զգում, թե որպես էին ծեծում...

— Անգո՜ւթ..— մռնչաց պատանին և սկսեց ցավակցաբար քննել Միքայելի մարմնի ծեծված տեղերը, հետո բոլորովին զայրացած, հարցրուց.— ինչ բանի համար այսպես նահատակեցին քեզ։

Միքայելը հայտնեց, թե աղան շատ անգամ նրան ասել էր, թե տանը ինչ որ պատահում էր, բոլորը իրան «խաբար տա», թե ի՞նչ են անում, ի՞նչ են ուտում, ո՞վ է գալիս, ո՞ւր են գնում, տիկինը ո՛ւմ հետ է խոսում, Ստեփանը որտեղ է ման գալիս և այլն․ իսկ ինքը թեև ամեն բան իմանում էր, բայց չէր հայտնում, ասում էր, թե ոչինչ չգիտե, և երբ աղան մյուս աշակերտներից տեղեկանում էր, նրա վրա միշտ բարկանում էր, թե «լակոտ, դու ինչո՞ւ ես ինձ խաբում»։ Իսկ այն օր տիկինը տվել էր նրան մեկ մանեթ և ասել էր․ «Միքայել, շուտ վազիր բազարը, մի քիչ տանձ, խնձոր և ծիրան գնիր, Եփրեմ աղայի կնիկը գալու է մեր տունը»։ Միքայելը գնացել և տիկնոջ պատվերը կատարել էր․ աշակերտներից մեկը խաբար էր տվել, բայց ինքը ուրացավ, թե սուտ է, և դրա մասին նրան ծեծեցին։

— Ինչո՞ւ էիր ուրանում։

— Ես գիտեի,— պատասխանեց Միքայելը,— որ աղան պիտի գար տուն և խանումի հետ ղարմաղալ սարքեր, մտածեցի, թե ավելի լավ էր, որ ես ծեծ ուտեի, քան թե նա խանումին մի վատ խոսք ասեր։

— Ուրեմն դու խանումին սիրում ե՞ս։

— Սիրում եմ, նա ինձ չի ծեծում, բայց աղան միշտ ծեծում է, միշտ ծեծում է... Ես այստեղ չեմ մնա, կփախչեմ, կգնամ, կկորչեմ, հերիք է որքան ծեծվեցա...