Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/428

Այս էջը հաստատված է

Վաճառականի ճարպիկությունների գաղտնիքը ըմբռնելու համար, վաճառականի արգոթը սովորելու համար, պետք է ասած, որ Միքայելը իրավ որ անընդունակ էր։ Նա դեռ չգիտեր, թե որպես պետք է արշինը պտտացնել, որ, օրինակ, 10 արշին երկարություն ունեցող կտավը կարելի է լիներ 11-ի հավասար դուրս բերել, նա դեռ չգիտեր, թե կշիռների և չափերի մեջ ինչ տեսակ խարդախություններ պետք է բանեցնել։ Եվ այս էր պատճառը, որ նրան անդադար լսել էր տալիս աղայի հանդիմանությունները` «հիմար, դու մարդ չես դառնա»... Այդ բոլորը ոչ թե նա չգիտեր, ոչ թե չէր կարող կատարել ավելի լավ և ավելի ճարպիկ կերպով, քան թե մյուս գործակատարները, բայց ատում էր, զզվում էր, անբարոյականություն էր համարում։ Բնականից պարզ և չփչացած գյուղացի տղան, մի բարի բախտով հանդիպելով Ստեփանի նման ազնիվ պատանուն, նրա ազդեցության տակ, ավելի զարգացավ, ավելի մաքուր բնավորություն ստացավ։ Լուսավոր որդին հաղթեց խավարասեր հորը, Միքայելի կրթության վերաբերմամբ։

Ստեփանը այժմ Մոսկվայի համալսարանի բժշկական մասում ուսանող էր։ Միքայելը երբեք չէր կարող մոռանալ այն տխուր գիշերը, որի առավոտը պատանին պիտի ճանապարհ ընկներ։ Նա զրկվում էր մի լավ բարեկամից, որ շատ անգամ մխիթարել էր նրա կյանքի դառն րոպեները, որ ներշնչել էր նրա մեջ այնքան բարի մտքեր։ Նա նստած իր ողորմելի խուղի մեջ անքուն սպասում էր մի անգամ ևս տեսնել նրան իր մոտ, մի անգամ ևս լսել նրա խոսքերը։ Հանկարծ Ստեփանը ներս մտավ, բերելով իր հետ մի փոքրիկ արկղիկ. «Քեզ համար է, Միքայել, ասաց նա, գրքեր են, դու այնքան սովորել ես, որ կարող ես կարդալ և հասկանալ, կարդա և շատ կարդա՛ այդ գրքերը»։ Միքայելը ուրախությամբ ընդունեց թանկագին ընծան, և այն օրից գրքերի արկղը թաքցրել էր իր խուզի մեջ, և շատ անգամ ամբողջ գիշերներ անց էր կացնում ընթերցանությամբ, թեև շատ բան չէր հասկանում։

Մասիսյանի խանութի ծառայողների մեջ Միքայելը միակն էր, որ պանդուխտ էր, մյուսները քաղաքումս կամ ծնողներ, կամ ազգականներ ունեին և գիշերները իրանց տներն էին գնում։ Նրանք միայն խանութի հետ գործ ունեին և ազատ էին աղայի տնային ծառայություններից։ Այդ հոգսը մնացել էր Միքայելի վրա միայն, թեև նա այժմ բավական բարձր էր մի հասարակ սպասավոր լինելուց, և այն ստոր ծառայությունները, որ նրան անել էին տալիս, մինչև անգամ վիրավորական էր նրա համար։ Տիկին Մարիամը