Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/43

Այս էջը հաստատված է

մեր քաջերը չէին վրիպում իրանց նետումներից և կարողանամ էին նշան դնել քրդերին միայն և գերիներին չվնասել։

Մի ամբողջ ժամ ևս հուսահատական-հանդգնությամբ կռվելուց հետո, քրդերի միջից լսելի եղավ մի ձայն` «անձնատուր ենք լինում»: Այն ժամանակ Սարհատը բարձրացավ մի քարի վրա և սկսեց վերևից խոսել։

— Ավելի լավ կլիներ, որ շուտ անձնատուր լինեիք, այն ժամանակ գոնե ձեր մեծ մասը կենդանի մնացած կլիներ. դուք ձեր համառությամբ շատերին կոտորել տվիք։ Վնասը մեծ չէ. քաջերի ճակատագիրն է այդ. գովում եմ ձեր հանդգնությունը։ Հիմա լսեցեք պայմանները. դուք ամենքդ կմնաք կիրճի մեջ. բայց ավարը և գերիները բաց կթողնեք իրանց գրաստներով։ Մենք ձեզանից չենք խլի ձեր զենքերը և ձիերը. դրանք պետք են ձեզ. միայն կողոպուտից ոչինչ չպետք է պահեք ձեզ մոտ։ Դուք կմնաք կիրճի մեջ և չեք շարժվի մինչև առավոտյան լուսաբացը. այն ժամանակ ազատ եք, որ կողմ կամենաք, գնացեք։ Համաձա՞յն եք։

— Համաձայն ենք,— լսելի եղավ կիրճի միջից։

— Ուրեմն, բա՛ց թողեք գերիներին և ավարը։

Մի քանի ժամվա մեջ կիրճը դատարկվեցավ։ Այնտեղ մնացին քսան հոգու չափ Հարտոշիներ միայն։

— Դալի-Բաբա,— դարձավ Սարհատը դեպի քահանան,— քեզ հետ կվեր առնես չորս հոգի և կքշես քարավանը դեպի Սալմաստ, մինչև արևի դուրս գալը դուք կանցնեք Պարսկաստանի սահմանը, և Սալմաստում տեղային հայերի մոտ ողորմելիները ապահով կլինեն, որովհետև այնտեղ են փախել բոլոր աղբակեցիք, որոնք ազատվել են քրդերի ձեռքից։ Սալմաստը պարսից երկիր է, այստեղ տաճկաց քրդերը մուտք գործել չեն կարող։ Լսիր, ամենևին ցույց չպետք է տաս հայությունդ և գերիները չպետք է գիտենան, թե ով ազատեց նրանց։ Պարսից սահմանից դու կդառնաս քո ընկերների հետ և մեզ կգտնես Իրցի-ձորի մեջ, այն քարանձավում, որ քեզ ծանոթ է։ Իսկ ես այդ անպիտաններին կպահեմ կիրճի մեջ, մինչև դուք բավական կհեռանաք, և արևը դեռ չծագած, բաց կթողնեմ։

Դալի-Բաբան համբերությունը հատած, պատասխանեց.

— Անիծված լինեմ, եթե ես տերտեր ժամանակս մի այսպիսի երկար քարոզ եմ տվել։ Օրհնած, ի՞նչ ես ծանր ու բարակ ամեն բան այսչափ բրդում. ես խո նոր չեմ սովորում իմ գործը։

— «Ուրիշի խրատը լսիր, և իմացածդ էլ քեզ պահի՛ր»,— ասել