Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/439

Այս էջը հաստատված է

փաստաբանը և անհամբերությամբ սպասում էր կենսատու ըմպելիքին։

Բայց Միքայելը մի երկրորդ սխալ ևս գործեց, որ ոչ սակավ հրավիրեց իր վրա աղայի բարկությունը. նա հրամայեց «մեծ» ստաքանով բերել արաղը, բայց այդ «մեծ» բառը պետք էր հասկանալ «փոքրի» տեղ, որպես խանութումը «լավ» բառը գործ էր ածվում «վատի» տեղ. և բերեց նա ահագին ստաքանով արաղ և տվեց Սիմոն Յագորիչին։ Դա կատարյալ սպիրտ էր առանց մի ուրիշ խառնուրդի, բայց նա միանգամով կուլ տվեց։

— Ա՜յ, սիրտս հովացավ, շատ ապրիս,— ասաց փաստաբանը դատարկած բաժակը ետ տալով Միքայելին։

Բայց աղան իր խոժոռ ակնարկությամբ արդեն հասկացրել էր Միքայելին նրա գործած մեծ սխալը, և այս անգամ խեղճ տղան բոլորովին հուսահատվեցավ, թե Մոսկվա գնալը երբեք չպիտի հաջողվեր իրան։

Բայց տիկին Մարիամին զբաղեցնում էր նույն րոպեում մի ուրիշ տխուր միտք, երբ տեսավ փաստաբանի բերած փողերի ծրարը, որ գոյացել էր այն «անզգամի» կայքը աճուրդով ծախել տալուց, այն ողորմելի կնոջ կայքը, որի որդին բանտարկված էր, որը քանի օր առաջ եկել էր իր մոտ և գթություն էր խնդրում, իսկ այժմ աղայի անգթությամբ մի ամբողջ ընտանիք պետք է մաշվեր և ոչնչանար դառն աղքատության մեջ։

— Շնորհակալ եմ, Սիմոն Յագորիչ,— ասաց աղան և բաժանեց փողերի ծրարից մի տասն ռուբլիանոց կարմիր թուղթ և տվեց փաստաբանին։— էս էլ քեզ փեշքաշ, որ սաղացրիր փողերս։

Սիմոն Ցագորիչը ընդունեց «փեշքաշը» այնպիսի մի խոնարհությամբ, քիչ էր մնացել, որ համբուրե աղայի ձեռքը։ Աղան առատաձեռն էր այնպիսի դեպքերում, որպես լավ որսորդները միշտ բաժին են հանում իրանց շներին վիրավորված էրեի մսից։

Բայց Միքայելի խնդիրը դեռ մնացել էր անվճիռ։ Տիկին Մարիամը նկատելով, որ փաստաբանի բերած փողերը աղային բավականին լավ տրամադրության մեջ բերեցին, մտածեց օգուտ քաղել այդ հանգամանքից և կրկին բարձրացնել Միքայելի Մոսկվա գնալու հարցը։

— Կարդացեք, Սիմոն Յագորիչ, ի՞նչպես է գրած այդ նամակը,— ասաց նա, տալով` փաստաբանին Միքայելի մի քանի րոպե առաջ գրած նամակը։

Փաստաբանը հանեց ծոցից ահագին ակնոցները, զետեղեց