Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/446

Այս էջը հաստատված է

շատ անգամ ստոր, աղքատ ընտանիքից, շատ անգամ բոլորովին որբ, մտնում է վաճառականի մոտ. բավական է, որ նրա աղան նկատե, թե տղան շնորհք ունի, ընդունակ է առաջ գնալու, սկսում է այնուհետև նրա վրա առանձին խնամք տանել։ Թեև նշանակում է ռոճիկ, բայց փողը նրա ձեռքը չէ տալիս, պահում է իր մոտ, շահեցնում է, մինչև գործակատարը առևտուրի մեջ ավելի վարժվելով, զարգանում է և այնուհետ և իր աղայի օգնությամբ իր համար առանձին վաճառականություն է սկսում։ Աղան միանգամով վճարում է նրա շատ տարիների ռոճիկը, որ իր առևտուրի մեջ շահեցրել էր, և իբրև վարձ նրա հավատարիմ ծառայության, իրանից էլ մի բան ավելացնում է, և նա ունենում է մի դրամագլուխ, որով կարող էր սկսած գործը շարունակել։ Նա ստանում է և կրեդիտ իր բարերարից, որով հետզհետե ընդարձակում է իր վաճառականությունը։ Այս տեսակ գործակատարները համարվում են աղայի որդեգիրները։ Աղան իր համար փառք և պատիվ է համարում, որ կարողացավ հասցնել մի «մարդ»։ Այդ «մարդը» կոչվում է աղայի «չըրաղ», այսինքն՝ մի ճրագ, որ վառեց աղան մի աղքատ ընտանիքի սև օրին լույս տալու համար։ Եվ ամեն մի աղա այնքան ավելի հարգելի է լինում իր հասարակության մեջ, որքան շատ թվով հասցնում է «չըրաղներ»:

Բայց Մասիսյանը ավելի գործնական կետից էր նայում հիշյալ սովորության վրա։ Նա էլ իր գործակատարների ռոճիկը, կամ ամբողջապես և կամ մի մասը, իր մոտ էր պահում, խոստանալով շահեցնել և վերջը հնար տալ նրանց առանձին առևտուր սկսելու։ Իսկ այս մի խորամանկ միջոց էր գործակատարին միշտ կապված պահելու իր հետ կամ միշտ նրա սանձը իր ձեռքում պահելու համար։ Ռոճիկը իր մոտ պահելով, Մասիսյանը միշտ ուներ իր ձեռքում մի գրավական, մի երաշխավորություն գործակատարի կողմից, որ ստիպեցնում էր նրան անպայման հնազանդ լինել: Որովհետև մի անհավատարմություն նկատածին պես աղան կարող էր իսկույն նրան դուրս անել և ողորմելի գործակատարի ամբողջ տարիների ծառայության վարձը վեր առնել որպես տուգանք։ Եվ շատ անգամ բոլորովին անմեղ մի գործակատարի մեղադրում էր նրա անհավատարմության մեջ և կտրում էր ռոճիկը։ Եվ դրանով պետք է բացատրել Մասիսյանի առևտրական տան գործակատարների անդադար փոփոխությունը:

Վերադառնալով Ստեփանի մոտից, Միքայելը հենց այն օրը գրեց աղային, խնդրելով, որ իրան թույլ տա ամսե-ամիս վեր առնել