Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/45

Այս էջը հաստատված է

Նա սկզբում իր հետ ուներ հինգ հազար ձիավոր միայն, որոնցմով դուրս եկավ Աղբակից, դիմում էր դեպի Բայազեդ, որ կողմով և անց էր կենում, թողնում էր իր ետևից ավերակներ և ամայություն։ Եվ այնուհետև, նրա արշավանքի ձայնը լսելով հեռավոր տեղերի քրդերը, խումբերով դուրս էին գալիս, և դիմում էին դեպի իրանց առաջնորդի բանակը։ Այս վերջինները լրացնում էին, ինչ որ պակաս էր թողել Ջալալեդդինը։ Հեղեղի հորձանքը այսպիսով կրկնվում էր, և միևնույն երկիրը մի քանի անգամ ենթարկվում էր ասպատակությունների։

Ջալալեդդինը, որպես շեյխ և զորավար, միայն էր, որ հանձն առեց քրդերի գլխավորությունը, առաջնորդելու նրանց դեպի պատերազմի դաշտը։ Բայց քրդերին առավելապես գրգռող և նրանց կատաղությունը ոգևորող էր մի ուրիշ շեյխ, որն իր տեղից չէր շարժվել, որն ամբողջ Քուրդիստանի հոգևոր գլուխն էր համարվում, և ներգործում էր իր սրբազան թղթերով քրդերի գարայբեկիների, ղազիների և մուֆթիների վրա: Դա Շեյխ Իբադուլլահն էր։ Այդ քրիստոնեության երդվյալ թշնամին թույլ էր տվել ամեն տեսակ անգթություններ և հրամայել էր ամենևին չխնայել...։

Պատերազմի ժամանակ որպես քրդերի, նույնպես և բոլոր մահմեդական ցեղերի սպառազինության պատճառը լինում է` կույր մոլեռանդությունը մի կողմից և կողոպուտի ու հափշտակության ծարավը, մյուս կողմից։ Նրանց մեջ խաղ են առնում երկու կրքեր` հոգևոր և նյութական, առաջինը լցուցանում է նա ոչմահմեդականներին մորթելով, իսկ երկրորդին բավականություն է տալիս նրանց կայքը և հարստությունը հափշտակելով։ Եվ այս պատճառով Ջալալեդդինի զորքը խիստ դանդաղ էր ընթանում, նա մի կողմից պետք է հնձեր, բայց իր հունձքը իր հետ տանել չէր կարող,— մյուս կողմից, հարկավոր էր հունձքը տանել, հասցնել իրանց բնակության տեղերը և նորից վերադառնալ ու միանալ բանակի հետ և շարունակել ընթացքը դեպի Բայազեդ։ Այս էր նրա զորախումբի անդադար բաժանման և կրկին միավորության պատճառը։ Ջալալեդդինը իր ճանապարհը մաքրելով էր առաջ ընթանում դեպի Բայազեդ։

Բայց չէր կարելի միանգամայն ուրանալ քրդերի մեջ ազնիվ մարդիկ. նրանց մեջ կային և այնպիսիներն, որոնք զուրկ չէին բարի զգացմունքներից, որոնք չէին մասնակցում վատ գործի։ Այս տեսակ մարդերից մեկն էր Օմար աղան, իր հոտերով և երամակներով հարուստ քուրդը, որը մի փոքրիկ ցեղի գլխավորն էր։ Նա