— Ինչ որ ուզում ես, ասա, քեզ մոտ միշտ է տխուր է լինում,— ասաց Միքայելի հյուրերից մեկը։
— Ինչո՞ւ,— հարցրուց նա ժպտալով
— Նրա համար, որ ոչ կարտ կա, ոչ նարդի կա, մի խոսքով խաղալու ոչինչ չկա։
— Խաղացեք, ձեզ ո՞վ է արգելում։
— Ի՞նչպես խաղանք, երբ դու չես խաղում։
— Ես էլ կմասնակցեմ։
— Փողով։ Մենք առանց փողի չենք խաղում։
— Եվ մեծ փողով,— մեջ մտավ հյուրերից մի ուրիշը։
— Ինչո՞ւ անպատճառ մեծ փողով, երբ ժամանակ անցկացնելու համար է,— պատասխանեց Միքայելը
— Ժամանակ անցկացնելը ո՞րս է,— խոսեց առաջինը արհամարհանքով,— մեզ մոտ ամեն գիշեր հազարներ են խաղում։
Դուռը բաց եղավ, խոսակցությունը ընդհատվեցավ։ Մի պատանի, կանգնած շեմքի վրա, ձայն տվեց իր ընկերներին.
— Մտեք, նրանք շատ են այստեղ... Վերջապես գտանք...
Ներս մտան երեք ուսանողներ։ Նրանցից մեկը դրեց սեղանի վրա մի թերթ թուղթ և դառնալով դեպի Միքայելի հյուրերը, խոսեց ճառական եղանակով.
— Պարոններ, այդ նվիրատվությունը մի այնպիսի բարի նպատակի համար է, որ ամեն մի հայ, որի սրտումը մնացել է զգացմունքի մի կաթիլ անգամ դեպի տաճկաստանցի մեր եղբայրները, դեպի նրանց կրած հարստահարություններն ու տառապանքը, չպիտի զլանա իր օժանդակությունը, ուստի խնդրում եմ` ձեզանից ամեն մեկը, որքան կարող է թող ստորագրե։
Կարծես վաճառականների գլխին սառը ջուր ածեցին։
— Է՛հ, զահլա տարան իրանց ստորագրություններով...— ասաց նրանցից մեկը գլուխը մի կողմ շրջելով։
— Մենք ո՞ւր... տաճկաստանցին ո՞ւր...— խոսեց մյուսը արհամարհանքով,— մեր երեխեքի դարդը չենք կարողանում քաշել։
— Ի՞նչ բանի համար է ստորագրությունը,— հարցրեց մի ուրիշը կասկածավոր կերպով։
Ուսանողները մնացին շվարած։
— Միևնույն է ձեզ, թե ինչ բանի համար,— պատասխանեց նրանցից մեկը վշտացած ձայնով.— բայց քանի որ դուք այսպես սառն կերպով ընդունեցիք մեր առաջարկությունը, կարծեմ հարկավոր էլ չէ, որ իմանաք, թե ինչ բանի համար է։