Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/457

Այս էջը հաստատված է

Միքայելը ոչինչ չխոսեց. նրան հայտնի էր իր հյուրերի անտարբերությունը։

Ուսանողները հեռացան: Միքայելը գնաց նրանց ճանապարհ գցելու:

— Ահա մեր դրամատերերը` մեր նյութական զորությունը. ի՞նչ կարելի է հուսալ այդ անսիրտ դիակներից...— ասաց ուսանողներից մեկը։

— Փո՜ւ, գրողը տանե ձեզ...

Նրանք հասան սանդուղքներին, որ ցած էր տանում դեպի տան գլխավոր մուտքը։ Այնտեղ Միքայելը հարցրեց.

— Ի՞նչ նպատակի համար է ստորագրությունը։

Ուսանողները մտածության մեջ ընկան. և րոպեական լռությունից հետո նրանցից մեկը պատասխանեց.

— Դա մի գաղտնիք է... բայց ձեզնից ծածկել պետք չէ... դուք մերն եք... Գիտեք, որ Կ. Պոլսի պատրիարքի նվիրակներից մեկն արդեն գտնվում է Պետերբուրգում, իսկ մյուսը Լոնդոնում, Տաճկաստանի հայոց խնդիրքը մի մազից է կախված. գործելու ժամանակ է. մենք պատրաստում ենք մի երիտասարդ արտասահման ուղարկելու համար, որ այնտեղ պրոպագանդ անե մամուլի միջոցով։

Միքայելի դեմքն ընդունեց խիստ ուրախ արտահայտություն։

— Դա շատ գեղեցիկ միտք է,— ասաց նա։ — Ո՞վ է գնացողը։

— Ձեր բարեկամը, պարոն Ս. Մասիսյանը։

— Զարմանում եմ, որ նա այդ մասին ինձ ոչինչ չի հայտնել։

— Նա չափազանց ծածկամիտ մարդ է։ Նա ցանկանում էր, որ դուք գիտենայիք հետո, երբ ինքը գնացած կլիներ։

— Այդ միևնույն է,— խոսեց Միքայելը,— ասեցեք Ստեփանին, թող ինձ մոտ մտնե, ես կկարգադրեմ` ինչ որ պետք է նրա ճանապարհորդության համար։

Ուսանողները սեղմեցին Միքայելի ձեռքը և հեռացան։ Վերադառնալով իր հյուրերի մոտ, Միքայելը նրանց ոչինչ չհայտնեց, բայց շատ վրդովվեցավ, երբ նկատեց, որ նրանք տակավին ծաղրում էին ուսանողներին և տակավին պախարկում էին նրանց վարմունքը։

— Երևի ջիբների խարջլուխը պրծել է,— ասում էր մեկը։

— Իրանք քաղցած մեռնում են, բայց տաճկաստանցիների դարդն են քաշում,— ասում էր մյուսը։

— Ախար հանգստություն չունենք այդ մուրացկանների