Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/46

Այս էջը հաստատված է

չմասնակցեց Ջալալեդդինի արշավանքին։ Եվ լսելով անգութ ծերունիի դիտավորությունը, նա հառաջագույն եկավ Բարդուղիմեոս առաքյալի վանքը և հայտնեց վանահայր Եղիազար վարդապետին, թե մի քանի օրից հետո ի՜նչ դառն վիճակ էր սպասում Աղբակա հայերին։ Նա խորհուրդ տվեց վանահորը օգուտ քաղել վանքի անմատչելի ամրություններից, և այդ նվիրական բերդը ընտրել որպես մի պաշտպանողական դիրք, և այնտեղ հավաքելով շրջակա հայոց գյուղորայքի հարստությունները,— այնտեղից ընդդիմանալ թշնամուն։ Օմար-աղան խոստացավ ինքն էլ միանալ վանահոր հետ և իր խոստմունքը կատարեց գործով, որովհետև նա էլ երկյուղ ուներ Ջալալեդդինից, և նրա արշավանքին չմասնակցելու համար վախենում էր ենթարկվել շեյխի վրեժխնդրությանը։ Եվ այս պատճառով իր տան հարստությունը նա հավաքեց վանքի մեջ, և իր մարդիկներով պատրաստ էր հարկավորած ժամանակ, միանալով հայերի հետ, ընդդիմանալ թշնամուն։

Եղիազար հայր սուրբը ընդունեց իր վաղեմի բարեկամի` Օմար-աղայի խորհուրդը, որի հավատարմության վրա կատարյալ վստահություն ուներ, և Բարդուղիմեոս առաքյալի վանքի շրջակա հայոց գյուղորայքի թե՛ բնակիչներին և թե՛ նրանց կայքը ու անասունները հավաքել տվեց վանքի մեջ։

Բարդուղիմեոս առաքյալի վանքը այն հնադարյան վանքերից մեկն էր, որ իր գոյությունը պահպանում էր Լուսավորչի ժամանակներից։ Ամբողջ տասն և վեց դար, պատերազմելով բնության խստությունների և բարբարոս ձեռքերի դեմ, այդ վանքը կանգնած էր, որպես մի հսկայական հիշատակարան կրոնասեր հայի նախկին ճարտարապետության։ Նա վկա է եղել բազմաթիվ եղեռնական անցքերի. նա տեսել էր կրակապաշտ պարսիկների, արաբների և մոնղոլների բոլոր անգթությունները։ Նա իր հոյակապ կողքերի վրա կրում էր բազմաթիվ հիշատակարաններ, թե քանի՜-քանի՜ անգամ կործանված է եղել, և կրկին հայկական ջերմեռանդությունը նորոգել է նրան:

Այդ վանքը բավական ամուր դիրք ունի. նա կառուցված է մի բլուրի բարձրավանդակի վրա, որի գագաթը արհեստական բանվածքով ավելի ևս բարձրանալով, նրա վրա դրած է վանքի հիմնարկությունը։ Բլուրի երեք կողմից շրջապատում է ահագին խորությամբ մի ձոր, որի միջով հոսում է Տիգրիսի վերին ճյուղերից մեկը, որ սովորաբար կոչվում է «Վանքի գետ»։ Բլուրի չորրորդ կողմը միանում է մի լեռնային թևքի հետ, որի վրա դրած է մի