Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/464

Այս էջը հաստատված է

Միքայելը ինքն էլ չհասկացավ, թե որպես վերջացրեց իր նամակները։ Նա շտապով ծրարեց, կնքեց և վեր առնելով, կամենում էր դուրս գալ իր սենյակից, հանկարծ ներս մտավ Ստեփանը։ Նա սառն ու անխռով կերպով, որպես միշտ, ձեռք տվեց Միքայելին և գնաց նստեց բազկաթոռի վրա, ուր սովորաբար նստում էր, երբ Միքայելի մոտ էր գալիս։

— Ես եկա քեզ մոտ մի կարևոր գործի համար,— ասաց նա թույլ ձայնով։

— Գիտեմ,— պատասխանեց Միքայելը,— ինձ արդեն հայտնի է քո նպատակը. դու կստանաս ինձանից, որքան պետք է քո արտասահմանի ճանապարհորդության համար։

— Այդ չէ,— ասաց Ստեփանը հանգիստ կերպով,— կարդա այդ հեռագիրը։

Միքայելը սկսեց կարդալ մի երկար հեռագրալուր, որ բաղկացած էր ավելի քան քսան տողից։ Նա իսկույն գունաթափվեցավ։ Հեռագիրը հաղորդված էր Ստեփանի անունով և բովանդակում էր հետևյալ տողերը․ «Ձեր հայրը վախճանվեցավ հանկարծակի կաթվածահարությամբ, շտապեցեք, առանց ժամանակ կորցնելու, հասնել այստեղ։ Նրա գործերը բոլորովին խառն դրության մեջ են, մեծ կորուստ է սպառնում մեր կայքին, եթե շուտափույթ հոգատարություն չլինի։ Ստացեք նախապես Միքայելի հաշիվները և Մոսկվայի առևտրական տունը փակեցեք»․․․ և այլն։ Ստորագրված էր «Մարիամ»։

Միքայելը բոլորովին սառած մնաց։ Նրան, ավելի քան Ստեփանին, հայտնի էր այդ անբախտության սարսափելի հետևանքները։

— Ես պատրաստ եմ այս րոպեիս հանձնել քեզ իմ ձեռքում գտնված գործերի բոլոր հաշիվները։ Միայն դու աշխատիր չուշանալ այստեղ,— ասաց նա, դուրս բերելով գրասեղանի պահարանից ահագին հաշվետոմարներ։

— Ես պատրաստվում եմ գնալ արտասահման,— պատասխանեց Ստեփանը իր սովորական սառնասրտությամբ։

— Ինձ կանչում է այնտեղ մի ավելի մեծ պարտավորություն, քան թե իմ հոր գործերը։

— Ես քեզ հետ համաձայն եմ,— խոսեց Միքայելը,— բայց մտածիր, որ դու բոլորովին կանբախտացնես քո մորը, քո քույրերին և քեզ։ Հեռագրի միտքը բոլորովին ուղիղ է, որ ձեր ժառանգությանը սպառնում է մեծ կորուստ։ Ինձ բավական հայտնի է, թե