Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/465

Այս էջը հաստատված է

հանգուցյալը որպես էր վարում իր գործերը։ Նա իր բոլոր հաշիվները իր գլխումն ուներ, հիմա որ վախճանվեցավ, բոլորն իր հետ տարավ։ Այժմ ամեն ինչ մնացած կլինի ավազակ գործակատարների ձեռքում, շատ հասկանալի է հետևանքը...

— Այդ ավազակները նա ինքն է պատրաստել իր համար, — խոսեց Ստեփանը զզվանքով.— «հեղեղի բերածը էլի հեղեղը կտանե»— Ուրիշ կերպ լինել կարող չէր...

Միքայելը չգիտեր ինչ անել։ Նրան հայտնի էր Ստեփանի հաստատամտությունը, բայց, մյուս կողմից, տեսնում էր վնասը, որ կարող էր գալ նրա համառությունից։ Նա փորձ փորձեց մի կերպ համոզել իր բարեկամին, որ կատարե մոր խնդիրքը, որը այնքան ցավալի սրտով դիմում էր որդու օգնության։

— Ավելի լավ չէ՞ր լինի,— ասաց նա,— որ դու հետաձգեիր արտասահմանի ճանապարհորդությունը, մինչև կարգի կդնեիր քո հոր գործերը։

— Անկարելի է։

— Ուրեմն ի՞նչ պետք է արած։

— Ես դրա համար էլ քեզ մոտ եկա, լսիր, Միքայել, ինձ համար ոչինչ նշանակություն չունի իմ մոր կանչելը, երբ լսում եմ հազարավոր մայրերի ձայնը, որոնք Թուրքիայից մեզ ձեռք են մեկնում և օգնություն են խնդրում։ Ես պիտի գնամ, պիտի ճանապարհորդեմ ամբողջ Եվրոպա և ինչ կարող եմ, կկատարեմ։ Իսկ ինչ որ վերաբերում է իմ հոր գործերին, ես մի այսպիսի կրիտիկական րոպեում չունեմ մի ուրիշ բարեկամ բացի քեզանից։ Ես հույս եմ դնում քո բարեսրտության վրա. դու կարող ես ավելի լավ կատարել այն բոլորը, ինչ որ ես կդժվարանայի անել։ Դու կստանաս ինձանից կատարյալ հավատարմաթուղթ և շուտով ճանապարհ կընկնես։ Համաձա՞յն ես։

Միքայելը տեսնելով, որ ուրիշ ելք չկար, որ իր բարեկամի Ժառանգությունը կարող էր բոլորովին ոչնչանալ անհավատարիմ ձեռքում, ընդունեց առաջարկությունը։

— Ուրեմն ժամանակ կորցնել պետք չէ,— ասաց Ստեփանը ուրախ դեմքով.— այս րոպեիս գնանք նոտարի մոտ, ես կտամ քեզ հարկավոր թղթերը։

Նույն ավուր գիշերային պահուն Միքայելը պատրաստում էր իր ճանապարհային չեմոդանը և հավաքում էր իր սենյակի իրեղենները։ Եվ նույն րոպեում նրան զբաղեցնում էր այն միտքը, թե ինչ պետք էր ասել Իդային, որպես պետք էր հայտնել նրան։ Գիտեր,