Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/468

Այս էջը հաստատված է

իսկ առավոտյան լուսաբացին մոտ հանգստացավ և քնեց։ Բոլոր ժամանակը հիվանդի մայրը և Միքայելը գտնվում էին նրա մոտ։

— Հիմա դուք գնացեք, պարոն, նա քնեց,— ասաց պառավը հազիվ լսելի ձայնով,— շնորհակալ եմ ձեր բարեսրտության համար, գնացեք, պատրաստվեցեք, դուք ճանապարհորդ եք։

Մտնելով իր սենյակը, Միքայելը սկսեց անհանգիստ կերպով անցուդարձ անել, նա գտնվում էր սաստիկ խռովության մեջ։ Իր կյանքում նա երբեք մի այդպիսի դժվարին, անհնար և անել դրության չէր հանդիպել։ Երկու զգացմունքներ նրա մեջ մաքառում էին միմյանց հետ։ Մի կողմից իր ամենասիրելի բարեկամը, Ստեփանը, դրել էր նրա վրա մի ծանր պարտականություն. Մասիսյանների ընտանիքի բախտը և դժբախտությունը այժմ կախված էր նրա կամքից. նա պիտի գնար և պիտի կարգի դներ հանգուցյալ աղայի ավերված գործերը. մի ամենաթեթև անհոգություն կարող էր զրկել նրա ընտանիքը օրական հացից։ Իսկ մյուս կողմից, մի նազելի արարած այժմ հիվանդ դրած էր անկողնի մեջ, նրան ձգել անխնամ, նրան թողնել անօգնական, այդ նույնպես դժվարին էր։

Ի՞նչպես պետք էր հաշտեցնել այդ երկու դժվարությունները` բարեկամի սերը և կնոջ սերը, ո՞րը պետք էր նախադասել։ Բայց մի՞թե Միքայելը սիրում էր նրան։ Ամբողջ հինգ տարի նա կենում էր այս տան մեջ, երբեք մի այնպիսի զգացմունք չէր վրդովել նրա սիրտը, և երբեք ինքը՝ օրիորդը սիրո մի ամենաթեթև արտահայտություն չէր ցույց տվել նրան։ Բայց այն րոպեից, երբ լսեց, թե նա հիվանդ է, հենց այն գիշեր, երբ լսեց անկողնի վարագույրների ետևից նրա լաց լինելու ձայնը իր գնալու մասին, իսկույն մի խորին, անբացատրելի զգացմունք սկսեց խռովել նրա սիրտը։ Ի՞նչ էր այդ, սե՞ր, թե մի խաբուսիկ կիրք կամ թե կարեկցության զգացմունք, որ նա ուներ դեպի ամեն նեղյալները, որոնց պետք էր օգնության ձեռք մեկնել։ Այդ չէր կարողանում որոշել Միքայելը, նա այդ հոգեկան մթին և անվերծանելի խնդիրները լուծելու համար խիստ անփորձ էր։

Երկար նա անքուն անցուդարձ էր անում իր փոքրիկ բնակարանի մեջ, երկար ծանր մտածություններ զբաղեցնում էին նրա բորբոքված երևակայությունը, մինչև ժամատներից լսելի եղավ առավոտյան զանգակի ձայնը։ Գիշերը աննկատելի կերպով անցել էր։ Հանկարծ նրա աչքը ընկավ կապված և բոլորովին պատրաստ չեմոդանի վրա։ Այդ անշունչ և խուլ առարկան կարծես, սկսեց խոսել նրա հետ, կարծես ազդեց նրա վրա, ցույց տալով մի անհրաժեշտություն,