Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/47

Այս էջը հաստատված է

հայոց գյուղ, որը վանքի սեփականությունը լինելով, կոչվում է «Վանքի գյուղ» և նա հարյուր քայլ հազիվ հեռու կլինի վանքից։

Վանքը պատած է պարիսպներով և աշտարակներով, նա ունի իր մեջ, բացի հոյակապ տաճարից, շատ խուցեր միաբանության համար և շատ ուրիշ ծածկոցներ վանքային տնտեսության մշակների և անասունների համար։ Երբ որ Ջալալեդդինի արշավանքի ձայնը հասավ այս կողմերը, վանքի օթևանները լիքն էին Աղբակա բնակիչներով, իսկ նրանց թանկագին հարստությունները պահված էին տաճարի գաղտնի պահարաններում։ Եվ «Վանքի գյուղում» հավաքել էին նրանց անասունները։

«Վանքի գետը», որ հոսում էր ձորի միջով, իր եզերքում թողնում էր բավական ընդարձակ և հարթ տարածություն, որ պատած էր խոտով, և ներկայացնում էր մի կանաչազարդ հովիտ, որ գարնան սկզբում վառվում էր դեղնագույն ծաղիկներով։ Այս մարգագետինների վրա արածում էին վանքին պատկանող ձիաների երամակները։

Մի առավոտ սարսափելով նկատեցին, որ հիշյալ հովտի վրա, գետի ափերի մոտ, կազմված էին բազմաթիվ վրաններ։ Քրդերի խաշնարածները իրավունք չունեին վանքի մոտ, նրա կալվածների վրա գետեղել իրանց չադրները. ուրեմն դրանք լինելու էին այն ինքնակոչ հյուրերը, որոնց սոսկալի երկյուղով սպասում էին վանականները։ Ամենքը մեծ տագնապի մեջ ընկան։ Ամեն կողմից ոչխարներ, կովեր և երկրագործական անասուններ սկսեցին քշել դեպի գյուղը։ Տագնապը ավելի մեծացավ, երբ մի հովիվ լուր բերեց վանահորը, թե Ջալալեդդինը բազմաթիվ քրդերով իջևանել է վանքի մարգերի վրա։

Վանահայր Եղիազար վարդապետը մի վիթխարի մարդ էր։ Թեև ծերացած, թեև նրա ականջները ծանր էին լսում, բայց անդադար գործ ունենալով քրդերի հետ, որպես ասում են, նա «կեսքուրդ» էր դարձել, այսինքն` աներկյուղ այրական սիրտ էր ստացել։ Երբ լսեց հովիվի բերած լուրը, նա ամենևին չզգաց այն հուսահատական երկյուղը, որ տիրում է թուլասիրտ մարդերին վտանգի րոպեներում։ Վանահայրը նույն միջոցում նստած էր իր փոքրիկ խուցի մեջ և նրա մոտ գտանվում էր մի քուրդ իշխան բավական համակրական դեմքով։ Վերջինը Օմար-աղան էր։ Երկուսն էլ դուրս գնացին, երբ լսեցին հովիվի խոսքերը։ Նրանք դիմեցին դեպի վանքի արևելյան պարսպի կողմը, որտեղից երևում էր շեյխի բանակը։ Թե՛ վանահայրը և թե՛ քուրդ ազնվականը, դիտակները ուղղելով դեպի բանակը, մի քանի րոպե շարունակ նայում էին: