Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/472

Այս էջը հաստատված է

մասին, բայց սրտով ուրախ էին, որ մյուս անգամ կտեսնեն Միքայելին։ Մի քանի տարվա ընթացքում նրա մասին լսել էին այնքան շատ բաներ, որ Միքայելը դարձել էր նրանց համար մի տեսակ առասպելական արարած։

Բայց Սիմոն Յագորիչի վրդովմունքին չափ չկար, նա հույս ուներ, եթե Ստեփանը գալ չկարողանար, անպատճառ իրան կնշանակե գլխավոր հավատարմատար։ Այժմ նրա ծրագիրը փոխվեցավ: Նա ավելի շահավետ էր համարում գործ ունենալ անփորձ և անփույթ Ստեփանի հետ, քան թե հմուտ Միքայելի հետ, որի «սատանայությունները» վաղուց հայտնի էին նրան։ Այդ հին գայլը մտքումը դրած ուներ մի մեծ ճարակ ստանալ հանգուցյալ աղայի կայքից, որից ամեն մարդ իր կողմն էր քաշում։

Նա մտքով դարձավ դեպի հանգուցյալի հիշատակը և այսպես դուրս թափեց իր տհաճությունը Միքայելի մասին.

— Հոգիդ թող լուսի մեջ լինի, Պետրոս աղա,— ձայն արձակեց նա երեսը խաչակնքելով,— դու էիր իմանում, թե Սիմոն Յագորիչը ինչ մարդ է... ամեն բանի մեջ նրա հետ մասլահաթ էիր անում, վեքսիլները տալիս էիր և ասում, Սիմոն Յագորիչ, ինչպես խելքդ կկտրե, էնպես արա, տանում էի, մի քանի օրվա մեջ փողերը սաղացնում էի. բայց հիմա իմ երեսին էլ չեն ուզում մտիկ տալ... աստված միայն գիտե, թե որքան եմ չարչարվել ես այս տան շահերի համար...

— Սիմոն Յագորիչ, դու էլի մերն ես,— պատասխանեց նրան տիկինը, սիրտ տալով։— Դու էլի կմնաս քո գործին և ամեն բան քո խորհուրդովը կկատարվի։

Ծերունի փաստաբանը ընդունեց խիստ միամիտ կերպարանք և կարեկցությամբ հայտնեց.

— Աստված է վկա, որ իմ սիրտը ցավում է. ես իմ օրը անց եմ կացրել, այսօր կամ էգուց կարելի է մեռնեմ, հիմա փողն ու հողը ինձ համար դիփ մեկ են. աշխարհիցս ի՞նչ եմ տանելու, մի պատանք ինձ համար բավական. է... Բայց իմ սիրտը, տես, դրանց համար է ցավում (նա ցույց տվեց Գայանեի և Հռիփսիմեի վրա), դրանց համար եմ աշխատում... Ստեփանը, ոնց որ լինի, տղա է, իր գլուխը կպահե, բայց դրանք աղջիկներ են...

Տիկին Մարիամը զարմացած լսում էր ծերունի խաբեբայի խոսքերը, նա հասկանալ չէր կարողանում, թե ինչ է նրա միտքը։

— Հիմա եթե հանգուցյալ աղան գերեզմանից աչքերը բաց աներ և տեսներ այս բոլորը, խեղճ մարդու սիրտը կտրաքեր բարկությունից։