Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/474

Այս էջը հաստատված է

ժառանգները հայտնվեին, բայց Սիմոն Յագորիչը մի այնպիսի նշանակություն տվեց, որ անտեղյակ տիկին Մարիամին բոլորովին սարսափի մեջ գցեց։ Տիկինը խանութի կնքվելը հասկանում էր այն մտքով միայն, երբ պետք էր նրա միջի կայքը աճուրդով ծախել կամ գրավել։ Եվ այս պատճառով նրա վրա մեծ ազդեցություն ունեցավ Սիմոն Յագորիչի այն խոսքը, թե «մարդ պետք է, որ եղած-չեղածը ազատե» և այդ մարդը ինքն էր։

— Ի՞նչպիսի թուղթ պետք է, Սիմոն Յագորիչ,— հարցրեց նա։

— Դրա «զակոնը» ես եմ իմանում, իմ բանն է,— պատասխանեց նա հպարտությամբ,— առավոտյան կգնանք նոտարիուսի մոտ, ես այնտեղ գրել կտամ և բանը կվերջացնեմ։

— Հետո խանութների «փեչատը» կվերցնեն, այնպես չէ։

— Մեկ օրումը վերցնել կտամ, դուք շեր Սիմոն Յագորիչին չեք ճանաչում։

Տիկինը համաձայնվեցավ, որ նրան կտա բոլոր հարկավորած թղթերը, միայն թե «իր երեխեքի հացը չկտրեին», և Սիմոն Յագորիչը ուրախ, ինքնաբավական դեմքով վեր կացավ և կամենում էր հեռանալ, ասելով.

— Ես էգուց առավոտյան կգամ և ձեզ կտանեմ նոտարիուսի մոտ։

— Սպասիր, Սիմոն Յագորիչ,— կանգնեցրեց նրան տիկինը.— դուք մի բան չխմեցիք։

— Դե բերեք, օրհնած, բերանս էլ թրջեմ, էնքան խոսեցի, որ բողազս չորացավ։

— Հռիփսիմե,— դարձավ տիկինը դեպի աղջիկը,— Սիմոն Յագորիչին մի բաժակ արաղ համեցեք արեք։

Հռիփսիմեն կատարեց մոր հրամանը, և պոլիցիական հին արբեցողը, խմելով իր սիրած ըմպելին, օրհնեց և հեռացավ։

Դրսումը սաստիկ մութն էր, այնպես, որ ինչպես ասում են, եթե մատդ կոխեիր մեկի աչքը, չէր տեսնի։ Սիմոն Յագորիչին խավարի միջից մոտեցան մի քանի հոգի, որոնք, կարծես, նրան սպասում էին։ Նրանց մեջ սկսվեցավ մի այսպիսի գաղտնի խոսակցություն։

— Եթե պոլիցիան ուշադրություն կդարձնե, այն ժամանակ մենք կորած ենք...

— Մեզ կարող են մատնել ևս...

— Ավելի լավ կլիներ, որ խանութի ետևի անհայտ դուռը նույնպես կնքեին, որպես մյուսները...