Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/476

Այս էջը հաստատված է

Ես մտածեցի, թե նա ցնորված պետք է լինի. նրա բոլոր շարժմունքները, խոսքերը ցույց էին տալիս, թե այլևս չի իշխում իր վրա։ Բայց շուտով հանգստացավ և դարձյալ կրկնեց միևնույն խոսքերը.

— Մեր տունը քանդվեցավ... մենք կորած ենք,— աչքերը ծածկեց ձեռքով, սկսեց լաց լինել։

— Ի՞նչ կա, ի՞նչ է պատահել,— մյուս անգամ հարցնում եմ ես։

— Էլ ինչ պետք է լինի, «ոսկի աքաղաղը» մեռավ...— պատասխանեց նա խորին տխրությամբ։

— Ի՞նչպես թե մեռավ։

— Մեռավ... իմ աչքով տեսա։

— Ես դարձյալ մտածեցի, թե խելքից գնացած պետք է լինի, որովհետև այսպիսի ցնորքներ վերջին տարիներում շատ անգամ պատահում էին նրա հետ։

Ես փոքր ինչ հանգստացրի նրան և խնդրեցի, որ պատմե, թե ե՞րբ տեսավ կամ ի՞նչպես մեռավ «ոսկի քաղաքը»։

Նա պատմեց, թե տեսավ, որ «ոսկի աքաղաղը» երևեցավ նրան իր ոսկի հավի հետ, իրանց ոսկի ճտերով. նրանք պտտում էին տան պարտեզի մեջ, թրթռում էին և զվարճանում։ Հանկարծ օդի միջից վրա հասան մի քանի ուրուրներ։ Խեղճ հավը իր աքաղաղի հետ երկար պատերազմում էին ուրուրների հետ, որ ազատեն իրանց ճտերը նրանց ճանկերից, բայց ազատել չկարողացան, բոլորին հափշտակեցին, տարան, և ոսկի հավը «ոսկի աքաղաղի» հետ պատառ-պատառ անելով, թողեցին թռան և կրկին անհետացան ուրուրները օդի մեջ։

— Դու, երևի, երազ ես տեսել,— պատասխանեցի ես, աշխատելով մխիթարել նրան։

— Երա՞զ... երազը ո՞րն է... ես իմ աչքով տեսա... և «ոսկի աքաղաղից» մնաց ինձ մի փետուր միայն... տե՛ս, տես, ինչպես արյունոտ է... դեռ արյունը չէ ցամաքել...

Եվ նա ձեռը մեկնեց դեպի ինձ, որպես թե ցույց էր տալիս այն ոսկի փետուրը, որ մնացել էր նրան «ոսկի աքաղաղից», բայց ես նրա ձեռքում ոչինչ չտեսա։ Նույն միջոցին կրկին տիրեց նրան սարսափելի խռովություն, կրկին նա ալեկոծության մեջ ընկավ։ Հետո փոքր առ փոքր հանգստացավ։ Հանկարծ դողդողաց ամբողջ մարմնով, երեսը կծկվեցավ, աչքերը փակեց, «մեր տունը քանդվեցավ»...— գոչեց վերջին անգամ, թուլացավ և ընկավ գետնի վրա...