Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/478

Այս էջը հաստատված է

քանի անգամ գնացել էր Մարսելիա, որտեղից ճանապարհորդել էր զանազան եվրոպական քաղաքներ։

Նրա կրկին հայտնվելը Մասիսյանների տանը նույնպիսի հետաքրքրություն շարժեց, որպես եղավ նրա առաջին հայտնվելու ժամանակ, երբ դեռ նոր էր բերված գյուղից։ Առաջ գյուղից նա եկավ այստեղ գյուղական կոշտությամբ, որի ամեն մի խոսքը, ամեն մի շարժմունքը ծաղրածության առարկա էր դառնում ամբողջ ընտանիքի համար, իսկ այժմ նա վերադառնալով, բոլորովին ուրիշ մարդ էր դարձել, կրթված, տաշված և կոկված, այժմ նրա ամեն մի վարմունքը, ամեն մի խոսքը հրավիրում էր իր վրա պատկառանք և համակրություն։

Այս հինգ տարվա ընթացքում Մասիսյանների տան մեջ շատ բան փոխվել էր, ինչպես փոխվել էր և ինքը՝ Միքայելը։ Տիկին Մարիամը բավական ծերացել էր, հոգսը, տխրությունը և տանջանքը բոլորովին մաշել էին նրան։ Գայանեն այժմ նմանում էր կուսանոցի պառավ ապաշխարողի, որին պակաս էին «տերողորմյան» և սև հագուստը։ Իսկ Հռիփսիմեն ավելի ձևակերպվել էր, ավելի վայելչակազմ հասակ էր ստացել և ավելի գեղեցկացել էր։ Նրա մանկական համառ կամապաշտությունը այժմ տեղի էր տվել խիստ նազելի և փափուկ քնքշության։ Նա գտանվում էր այժմ այն բախտավոր հասակում, որին կարելի էր սիրել և որից կարելի էր սիրվել։

Տան մեջ ոչինչ չէր փոխվել, ամեն ինչ գտանվում էր իր հին ձևի մեջ, ամեն ինչ իր տեղն էր. միայն մի բան պակաս էր, և դա էր — աղան։

Մի շաբաթ անցել էր, ինչ որ Միքայել հասել էր Ե... քաղաքը, և այս մի շաբաթում Մասիսյանների համար նա համարյա աննկատելի մնաց։ Ամբողջ օրը զբաղված էր հանգուցյալ աղայի գործերով։ Առավոտյան վաղ դուրս էր գնում և վերադառնում էր գիշերը շատ ուշ, բոլորովին հոգնած, և երբեմն այն աստիճան վրդովված, որ անկարելի էր նրա հետ խոսել կամ տեսնվել։ Նրա համար պատրաստել էին այն սենյակը, ուր մի ժամանակ բնակվում էր Ստեփանը։ Ամեն անգամ, երբ տուն էր դառնում նա, տիկին Մարիամը անհամբերությամբ մտնում էր նրա մոտ և հարցնում.

— Ի՞նչ շինեցիք։

— Դեռ ոչինչ...— լինում էր Միքայելի սովորական պատասխանը։

Մի գիշեր գրում էր նա այս երկար նամակը Ստեփանին.