Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/480

Այս էջը հաստատված է

մասին, բավական է հիշել մի քանի փաստեր, շատ մարդկանց ձեռքում երևում են կեղծ պարտամուրհակներ, իբր թե ձեր հորից տված, որոնցով պարտավորվում է նա վճարել բավական խոշոր գումարներ այս և այն անձանց։ Ինձ հայտնի է, որ հանգուցյալ աղան փողի կարոտություն չուներ և ոչ ոքից պարտքով փող չէր առնում։ Բայց ո՞րտեղից հայտնվեցավ այդ պարտամուրհակները։ Այդ բոլորը շինել և սարքել էին գործակատարները. նրանցից ամեն մեկը գիտեր իր ձեռագիրը ձեր հոր ստորագրությանը նմանացնել։ Ձեզ հայտնի է, որ հանգուցյալ աղան անգրագետ մարդ էր և, բացի իր անունը ստորագրելուց, ուրիշ ոչինչ չգիտեր, իսկ անգրագետ մարդու ստորագրությանը նմանացնելը շատ հեշտ է։ Բանն այն է, որ հիշյալ պարտամուրհակները ներկայացրել են դատարանը պահանջման համար, և որբերի խնամակալը, միևնույն ժամանակ ձեր մոր փաստաբանն ու հավատարմատարը հաստատել է կեղծ պարտամուրհակների վավերականությունը։

Քրքրել այս բոլորը և երևան հանել գործված անիրավությունները, որքան դժվար են, այնքան էլ հեշտ են, միայն, որպես հիշեցի վերևում, գործերի հետ կապված են մեծ քրեական հանցանքներ, որ շատերի կորստյան պատճառ կլինեն։ Ես թողում եմ ձեր վճռին և կսպասեմ ձեր հրահանգներին։

Ես դեռ հիշում եմ այն խոսքերը, որ ինձ ասեցիք Մոսկվայում, «հեղեղի բերածը էլի հեղեղը կտանե»... Այսպես էլ եղել է։ Հանգուցյալը իր հարստությունը այնպիսի անհաստատ խարխուլ հիմքերի վրա էր դրած, որ ուրիշ կերպ սպասել չէր կարելի. պետք է նրա մահից հետո ամեն ինչ ոչնչանար, և ամեն ինչ ցնդվեր օդի մեջ... Ձեր մայրը ոչ մի գործից տեղեկություն չունի, նա, որ իր ամուսնի մահից հետո պետք է տեր լիներ և պետք է պահպաներ նրա թողած ժառանգությունը, իր անփորձությունից, իր տգիտությունից մատնել է բոլորը գազանների բերանը։ Եվ ինչո՞վ է մեղավոր նա։ Կինը, որ իր ամուսնի կենդանության ժամանակ նրա ընկերը և գործակիցը չէ համարվում, որին փակում են տան չորս պատերի մեջ, որը չգիտե, թե ինչ է շինում իր մարդը դրսում. երբ հասնում է վերջինի մահը, շատ հասկանալի է, որ ամեն ինչ կմնա օտարների ձեռքում։ Ձեր հայրը ինքն էր պատրաստել իր կործանումը... Գոնե մնացած լինեին օրինավոր հաշվետոմարներ, այդ էլ չկա. և եղածները մեջտեղից առնված են...»։

Հետո նկարագրում էր աղայի մահը և նրա տեսիլքը «ոսկի աքաղաղի» մասին, և թե այդ բախտավորության և հարստության