Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/486

Այս էջը հաստատված է

Այսուամենայնիվ, այգումը ամեն ինչ անդորր էր և զվարճալի, օդի խաղաղության մեջ մի տերև անգամ չէր շարժվում. իսկ արեգակի այրող ճառագայթները ոսկեղեն կայծերով, թափվելով տերևախիտ ծառերի վրա, չէին անցնում նրանց անթափանցիկ և կանաչազարդ կամարներից։ Նրանց հովանու տակ զովասուն օդը խիստ թարմ ու կազդուրիչ էր։ Այստեղ առանձնացած երգեցիկ թռչունները ուրախ-ուրախ թռչկոտում էին մի ոստից դեպի մյուսը, և օդի խուլ լռության մեջ լսելի էր լինում նրանց քաղցր ձայնը։ Բայց գեղեցիկ բնության թովիչ հրապույրը ամենևին չէր ազդում Միքայելի վրա, ամենևին չէր գրավում նրան։ Նա մոլորվածի նման խիստ տխուր էր, ինքնամոռացության մեջ, պտտում էր ծառազարդ ճեմելիքներով և նրա աչքերը անխորհուրդ կերպով նայում էին տունկերի ուղիղ շարքերի վրա, որոնք երկու կողմից կազմում էին, կարծես, կանաչազարդ պատեր։

Նա տեսավ հեռվից աղջիկների խումբը, որոնք անտառային հավերժահարսանց նման վազվզում էին, ճախրում էին և զվարճանում էին ծառերի մեջ։ Նա մի կողմ քաշվեցավ, որ իրան չտեսնեն։ Ուրախ խմբից երկուսը բաժանվելով, հանդարտ քայլերով անցնում էին նրա մոտից։ Նրանք որոնում էին խոտի մեջ թաքնված երեքթերթիկներ[1] և աշխատում էին գտնել չորս թերթ ունեցողը։ Մեկը Հռիփսիմեն էր, մյուսը անծանոթ աղջիկ։

— Ինչո՞ւ համար ես այսքան պտռում,— հարցրեց անծանոթը։

— Ա՜խ, թե գտնեի...— պատասխանեց Հռիփսիմեն, չդադարելով իր քնքշիկ ձեռքերով քրքրել խոտերը։

— Ախր ասա՝ ի՞նչ պիտի անես։

— Ուզում եմ բախտս փորձել։

Անծանոթ աղջկա դեմքի վրա երևաց մի հեգնական ժպիտ, և խուլ անկնարկությամբ պատասխանեց.

— Դու արդեն քո բախտին հասել ես... էլ ի՞նչ պետք է...

— Չէ. Նազանի, սուտ են խոսում,— ասաց Հռիփսիմեն շառագունելով։

— Սուտը ո՞րն է, ողջ քաղաքում խոսում են...

— Ի՞նչ են խոսում։

— Ասում են, որ ձեր տան տղան, ի՞նչ է անունը, հա՛, Միքայելը քեզ սիրում է։

  1. Երեքթերթիկ մի բույսի անուն է, որ գործ է ածվում կախարդությունների մեջ: