Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/49

Այս էջը հաստատված է

Բայց ոչ ոք չէր ուզում լսել նրան։

— «Անկարելի բան է,— գոռում էր ամբոխը,— եթե դու ուզում ես մեզ փրկել, վեր առ քեզ հետ տերտերներին և տանուտերներին, գնա՛ շեյխի մոտ, նրա ոտները համբուրի՛ր, աղաչիր, պաղատիր, ասա՛, ինչ որ ուզում է, կտանք, միայն թե մեզ կենդանի թողնե...»։

Քաջասիրտ վարդապետը շատ խոսեց, երկար հորդորում էր և խրախուսում էր, բայց թուլասիրտ և ստրկացած ամբոխը չնդունեց նրա խորհուրդը։ Վերջը նա ստիպված եղավ առնել իր հետ մի քանի ծերունիներ և քահանաներ ու դիմել շեյխի մոտ։

Այն ժամանակ Օմար-աղան մոտեցավ նրան, և ասաց այս խոսքերը.

— Ես գիտեի, որ այսպես կլիներ... բայց դու զուր ես գնում, քեզ կբռնեն, կպահեն և գուցե կսպանեն․․․։

— Պիտի գնամ, ճար չունեմ, թող սպանեն...— ասաց վշտացած վարդապետը։— Ժողովուրդը ինձ հանգիստ չէ թողնում...

— Ինձ այսուհետև ավելորդ է այստեղ մնալ...— ասաց քուրդ ազնվականը։

— Ես էլ խորհուրդ չէի տա մնալու համար,— պատասխանեց վանահայրը,— գնացեք, տեր ընդ ձեզ. միայն ընդունեցեք կատարել իմ վերքին խնդիրքը. առեք այդ բանալին, նույն պահարանի մեջ, ուր թաքցրել եմ ձեր կայքը, այնտեղ երկու արկղներում պահված են վանքի սրբությունները. տարեք ձեզ հետ, թող ավազակների ձեռքը չընկնին։ Դուք միշտ այնքան հավատ եք ունեցել դեպի մեր վանքը, որ ոչ մի քրիստոնյա չէ ունեցել։

— Կտանեմ, միամիտ կացեք,— պատասխանեց քուրդը։— Բայց դուք վեր առեք ձեզ հետ իմ մարդերից մեկը, նա հեռվից կհետևի ձեզ. և եթե ձեզ բռնելու կամ պահելու լինեն, նա ինձ իմացում կտա։

Վանահայրը համբուրվեցավ իր բարեկամի հետ և սկսեց դիմել շեյխի բանակը։ Նա ամենևին հույս չուներ, թե կվերադառնա այնտեղից և մյուս անգամ կտեսնի իր բարեկամին։

Նույն միջոցում հասան Օմարի մարդիկը, բերելով իրանց հետ երեսունի չափ ավելորդ ձիաներ, և նա բարձել տվավ իրան պատկանող իրեղենները, որ քանի օր առաջ ապահովության համար բերել էր այնտեղ, նա չմոռացավ իր հետ վեր առնել և այլ երկու արկղներ, որոնց մասին խնդրել էր վանահայրը։ Երբ նա բոլորովին պատրաստ էր, դռնապանը բացեց պարսպի գաղտնի դռները, և ազնիվ քուրդը խիստ տխուր սրտով համբուրեց տաճարի սուրբ սեղանը, և հեռացավ վանքից։