Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/492

Այս էջը հաստատված է

— Դեռ վաղ է, մի փոքր ման գանք, շատ նստեցինք,— պատասխանեք Հռիփսիմեն ներքին վրդովմունքով։

Նրանք սկսեցին պտտել պարտեզի ճեմելիքների մեջ, ուր այժմ լուսինը ծառերի սաղարթախիտ ոստերի միջից թափում էր իր արծաթափայլ լույսը։ Իսկ այն անձնավորությունը, որ ծառի ետևում թաքնված լսում էր երկու քույրերի խոսակցությունը, շարժվեցավ իր կանգնած տեղից և հանդարտ քայլերը ուղղեց դեպի տիկին Մարիամի սենյակը։

Այդ անձնավորությունը Մասիսյանի ընտանիքից կտրված, տարիներով հեռացած և աչքից ընկած անդամներից մեկն էր, որ երկար անջատումից վերջը երկու անգամ միայն հայտնվեցավ այս տան մեջ. առաջին անգամ, երբ կատարվում էր հանգուցյալ աղայի թաղման հանդեսը, երկրորդ անգամ, երբ Հռիփսիմեն հիվանդ էր։ Դա այն դժբախտ զավակն էր, որի մասին աղան խոսելիս երբեք անունը չէր հիշում՝ իր բերանը չպղծելու համար, այլ միշտ ակնարկում էր այսպիսի անտարբերությամբ՝ «այն անզգամը»... Դա տիկին Մարիամի այն աղջիկն էր, որին կոչում էին Նունե, որը հասակն առնելով, երբ նկատեց, թե հայրը իրան մարդու տալու վրա չի մտածում, երկար տանջվելեն հետո, վերջապես սիրահարվեցավ իր հոր գործակատարներից մեկի վրա և տնից փախչելով, գյուղում պսակվեցավ նրա հետ։

Մտնելով մոր սենյակը, Նունեն գտավ նրան մենակ։ Ճրագի լույսը ընկնելով նրա գեղեցիկ կազմված և ուղղաձիգ հասակի վրա, երևան հանեց նազելի պատկերը։ Որպի՞սի զարմանալի նմանություն նրա և Հռիփսիմեի մեջ. Հռիփսիմեն, այդ փոքր ինչ հնացած, փոքր ինչ մաշված օրիգինալի ճիշտ պատճենն էր, միայն ավելի թարմ և ավելի զվարթ, քան թե իր երեց քույրը։

Նունեն պատմեց մորը Գայանեի և Հռիփսիմեի խոսակցությունը, որ լսել էր պարտեզում։

— Ես այդ նկատում էի...— ասաց մայրը, երբ նրա աղջիկը վերջացրեց իր պատմությունը։— Բայց ի՞նչ պետք է արած։

— Այսքանը պարզ է, որ Հռիփսիմեն սիրահարված է,— խոսեց Նունեն ավելի մերձ նստելով իր մոր մոտ և ձայնը մեղմացնելով,— հիմա պետք է գիտենալ արդյոք Միքայելն էլ նույնպես սիրո՞ւմ է նրան, թե ո՛չ։

— Ի՞նչ կերպով գիտենալ,— հարցրեց մայրը։— Միքայել խիստ ծածկամիտ տղա է, նրանից շուտով բան հասկանալ չի կարելի։