Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/498

Այս էջը հաստատված է

հատկություններով՝ ցրտություններով և ջերմություններով կարծես միևնույն բնական ներգործությունն են անում մարդերի վրա, ինչ որ անում են առհասարակ բոլոր մարմինների վրա։ Վերջին դպրոցական աշակերտը գիտե, որ ջերմությունը փափկացնում է և ընդարձակում է մարմինները, իսկ ցրտությունը խտացնում է և կուչ է բերում նրանց։ Նույնը պատահում է և մարդերի հետ տարվա տաք և ցուրտ եղանակներում։ Ամառը իր ջերմությունով ցրվում է և բաժանում է նրանց միմյանցից, իսկ ձմեռը մոտեցնում է, մի տեղ է հավաքում և ավելի սերտ կերպով սեղմում է նրանց միմյանց հետ։ Ձմեռը մարդկային ընկերական կյանքը ավելի ամբողջական կերպարանք է ստանում: Նույնը լինում է և ընտանիքի մեջ: Դրսի ցուրտը ներս է մղում բնակիչներին սենյակների չորս պատերի մեջ և ավելի սեղմում է, կպցնում է նրանց միմյանց հետ: Հարաբերությունները շոշափում են միմյանց, և առաջ է գալիս մի տեսակ շփումն: Եվ որպես մինչև անգամ անշունչ մարմինների միմյանց հետ շփվելուց և քսքսվելուց գոյանում է կրակ, այնպես էլ կենդանի մարմինների սերտ հարաբերությունից առաջ է գալիս մի ուրիշ ջերմություն, որը կոչվում է սեր: Եվ այս էր պատճառը, որ տիկին Մարիամի սենյակը, որը այժմ ծառայում է որպես ընդունարան, շատ անգամ կենդանանում էր ուրախ և զվարթ խոսակցություններով, ուր հավաքված էին լինում նրա աղջիկները, Միքայելը և երբեմն ուրիշ հյուրեր:

Նունեն դեռ չէր հեռացել իր հայրենական տնից, այժմ նա գյուղից բերել էր տվել իր երկու զավակներին բերել էր տվել իր երկու զավակներին, փոքրիկ Նարգիզին և Ռոստոմին: Այդ փոքրիկների թվում ավելացել էին երկու ուրիշ երեխաներ ևս՝ Մարգարիտը և Ավետիսը, որոնք Միքայելի հորեղբոր՝ Ավետ ապոր զավակներն էին: Նրանց հայրը վաղուց մեռած էր, իսկ մայրը գյուղացի կնիկների սովորության համեմատ ուրիշ մարդու էր գնացել: Միքայելը վեր էր առել իր մոտ որբերին պահելու և խնամելու համար, որպես նրանց հայրը իրեն պահել և մեծացրել էր, երբ ինքը ծնողներից որբ մնաց:

Տասն տարի կլիներ, որ Մասիսյանի տունը երեխա չէր տեսել, այժմ կրկին կենդանացավ նա անմեղ մանուկների ուրախ ճլվլոցով: Տունը առանց երեխաների ամայի անապատի նման է, որ զուրկ է լինում նոր աճող և թարմ բույսերից:

Մի անձն միայն պակաս էր, որ կլրացներ ընտանեկան երջանկությունը, և դա էր Ստեփանը: Վերջին նամակներից երևում էր, որ նա տակավին չէ կարող գալ, այլ երկար կմնա արտասահմանում: