Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/499

Այս էջը հաստատված է

Հանգուցյալ աղայի ավերված գործերը համարյա կարգի էին դրված, որքան հնարավոր էր և որքան կարելի էր։ Միքայելը բոլորովին թողեց այն բոլորը, ինչ որ արդեն գողացվել էր, ինչ որ հափշտակվել էր...«Գերեզմանից մեռելը ետ չես բերի»,— ասում էր նա և միանգամայն ապարդյուն էր համարում կորածի ետևից ման գալը։ Նա մտածում էր, թե վաճառականության մեջ ինքը ավելի կարող էր վաստակել, քան թե այն գումարը, որ սուդերում կյանք մաշելով և ժամանակ կորցնելով կարելի էր ետ խլել հափշտակողներից։ Միայն նա աշխատեց ազատել կեղծ պարտատերերի ձեռքից Մասիսյանների տունը, այգին և մի քանի անշարժ կալվածքներ, մասամբ ապացուցանելով պարտատերերի ձեռքում գտնված թղթերի անվավերականությունը, և մասամբ վճարելով նրանց պահանջը։ Միքայելի մոտ հանգուցյալի կայքից առաջուց մնացել էր մի գումար Մոսկվայի առևտրական հաշիվներից, և այդ գումարով նա թափեց նրանց անշարժ կալվածքները։ Այժմ անբախտացած ընտանիքի ապրուստը ապահոված էր չափավոր եկամուտով, որով կարող էր նա վարել բավական հանգիստ և համեստ կյանք։

Մինչև այն օրը Միքայելը իրան մոռացել էր, նա իրան չէր տեսնում, որպես մի մարդ, որ հափշտակված մի ընդհանուր գաղափարով, գործում է միայն հասարակական ջահերի համար, առանց մտածելու իր անձի վրա ևս, թե ինքն էլ մի փոքրիկ աշխարհ է, թե ինքն էլ իր առանձին պետքերը ու կարիքները ունի։ Նա իր վիճակը այն աստիճան կապված էր տեսնում Մասիսյանների ընտանիքի ճակատագրի հետ, որ շատ բնական էր համարում իր անձնազոհությունը։ «Ես պետք է բաժանորդ լինեմ այս ընտանիքի անբախտությանը, մտածում էր նա, մինչև ինձ կհաջողվի բոլորովին վերականգնել նրա բախտավորությունը»։ Այդ բոլորի մեջ նրան առաջնորդում էր պարտականության մի սուրբ զգացմունք, թե ինքը այն տան տղան է եղել, նրա օդը շնչել է, նրա հոգով սնվել է, թեև այն մի կտոր հացը տվել էին նրան դառն տանջանքների գնով... Բայց ո՞վ էր տանջողը.— մի մարդ, որ այժմ չկար... բացի նրանից, բոլոր մյուսները միշտ խնամել և միշտ սիրել են նրան, իսկ նույն սերը այժմ վառվեցավ ավելի ջերմությամբ և մոռանալ տվեց սև անցյալը...

Բայց կար և մի ուրիշ բան, որ Միքայելին կապում էր այն ընտանիքի հետ. նա վերջին ժամանակներում ավելի և ավելի սաստիկ կերպով զգում էր, թե սիրում է Հռիփսիմեին, թե առանց նրան ապրել չէ կարող, և թե նա կբախտավորացնե իրան։ Եվ միևնույն