Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/500

Այս էջը հաստատված է

սերը նկատում էր նա մանուկ օրիորդի կողմից: Բայց մինչև այն որ նրանց մեջ ոչ մի բերանացի խոստովանություն չէր եղել, թե սիրում են միմյանց, միայն եղել էին խոսակցության մեջ մթին ակնարկություններ, լուռ և իմաստալից ժպիտներ, աչքերի թափանցող հայացքներ, հոնքերի խորհրդավոր շարժումներ, որոնցով Հայաստանի աղջիկը ավելի որոշ կերպով կարողանում է հայտնել իր սրտի կրքերը, քան թե լեզվով։ Միքայելը որքան էլ կրթված լիներ, դարձյալ նրա մեջ մնացել էր շատ բան, որ թույլ չէին տալիս նրան շեղվել ընդունված նախապաշարմունքներից և տեղական սովորություններին հակառակ ընթացք բռնել։ Իսկ Հռիփսիմեն բոլորովին համոզված էր, թե իր ձեռքի և սրտի մասին պետք էր խոսել իր մոր հետ։

Մի առավոտ նրա մոտ ներս մտավ Հռիփսիմեն, դրսի ցրտի ազդեցությունից նրա թշերը կարմիր վարդի քնքուշ գույն էին ստացել:

— Դու ասում էիր, որ շապիկներիցդ մի քանիսի կոճակներր կտրված են. եկա, որ տանեմ, կարեմ,— խոսեց նա, կանգնելով սենյակի դռան մոտ։

— Ա՜խ, որքան անքաղաքավարի ես դու, Հռիփսիմե,— ասաց Միքայելը մոտենալով նրան,— առավոտյան, երբ մարդի մոտ են մտնում, առաջ բարևում են, հետո մոտենում են, ձեռք են բռնում, հետո քեֆն են հարցնում, հետո մի քանի լավ֊լավ խոսքեր են ասում, ժպտում են, ծիծաղում են, վերջը հայտնում են, թե ինչու համար են եկել։

— Ես դրանք չեմ իմանում, ես եկա շապիկները տանելու, —պատասխանեց օրիորդը, ավելի կարմրելով։

— Հանաք եմ անում, Հռիփսիմե, այսպես ավելի լավ է, ավելի պարզ և համեստ է. ես սիրում եմ պարզությունը,—խոսեց Միքայելը, բռնելով նրա երկու ձեռքից։— Բայց ո՛րքան հոգատար ես դու, Հռիփսիմե. ես գիշերը ասեցի, թե շապիկներիս կոճակները կտրված են, կարծում էի կմոռանաս մինչև առավոտ։

— Ես մոռացկոտ չեմ...

Միքայելը դուրս բերելով շապիկներր և տալով օրիորդին, ասաց.

— Ես կուզեի, որ նստեիր այստեղ, իմ սենյակումը կարեիր։

— Ինչո՞ւ, կարծում ես, որ կսխալվեի՞ կարի մեջ և կոճակները իրանց տեղումը չէի՞ն լինի, և դո՞ւ պիտի ցույց տաս ինձ, թե որպես պետք է կարել։