Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/58

Այս էջը հաստատված է

որին գրքերը հիմարության և տգիտության մեջ էին ձգել, իսկ այժմ զգաստացել էր։

Այս բոլորը լսում էր Սարհատը, տխո՜ւր համակրությամբ էր լսում նա, և այս խոսքերը, կարծես, առժամանակ մի նրան մոռանալ տվին իր ցավը, որ այնպես սաստիկ տանջում էր նրան։ Եվ նա թողեց այն նազելի անհատը, որի համար միայն մտածում էր, և սկսեց ընդհանուրի վրա խորհել։ Սիրուհու մասնավոր սերը կորավ անբախտ և օգնության կարոտ ժողովրդի սիրո մեջ, որի դստերքը ու կանայք նույնպես գերության մեջ էին գտնվում։ Եվ այս պատճառով նա խիստ սառնությամբ ընդունեց Մըստոյի խոսքե՛րը, որ նա մոտենալով նրան, լռությամբ ասաց.

— Թո՛ղ իմ տերը չտանջե իր սիրտը. Մըստոն շան հոտառություն ունի. եթե ծովի խորքումն լինի «նա» կգտնե նրան, և եթե երկինքը բարձրացած լինի, ցած կբերե։

Սարհատը ոչինչ չպատասխանեց և տեսնել անգամ չկարողացավ, որ իր հավատարիմ ծառան աննկատելի կերպով անհետացավ վանքից...։

Ժ

Հուլիս ամիսը վերջանալու մոտ էր։ Դժբախտ Բայազեդը քրդերից, բաշիբոզուկներից պաշարվելով, քանդվելով, կողոպտվելով, և իր թշվառ բնակիչները սրի բերնում ու գերության մեջ կորցնելուց հետո,- կրկին ռուսաց ձեռքն էր անցել։ Սուլեյման-փաշան ետ էր մղվել։ Ջալալեդդինի հրոսակը ցրված էր, և հարուստ ավարով ամեն մարդ իր տեղը դառնալու վրա էր։ Հին Բագրևանդի ամբողջ գավառը և պատմական Վաղարշակերտը բոլորովին դատարկացել էին իրանց հայ բնակիչներից։ Ալաշկերտցի գաղթականները Երևանի նահանգում մուրացկանություն էին անում և նրանց թողած ավերակները դեռ ծխում էին մոխիրի միջից...։


Երեկոյան վերջալույսը դեռ ճառագայթում էր սարերի գագաթների վրա։

Մի տղամարդ միայնակ և դանդաղ քայլերով գնում էր լեռնային անձուկ ճանապարհով և խուլ մելամաղձական ձայնով երգում էր մի տխուր մեղեդի։ Նա գնում էր անվճռական ընթացքով, կարծես, ակամա ընտրել էր այն ուղին և բոլորովին վստահ չէր, թե