Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/67

Այս էջը հաստատված է

հանձն էին առել ցած պաշտոն, այժմ, երբ ականջներին հնչեց ազատության ձայնը,— խլեցին իրանց ոտքերի տակ ընկած գերիչների զենքերը և սկսեցին կոտորել կենդանի մնացած գազաններին: Պատվի զգացմունքը սկսեց պատերազմել անասնական կրքերի հետ. հրեշտակը դևերի հետ...

Լուսինը կրկին մտավ ամպերի տակ, և գիշերային խավարը քաշեց իր սև վարագույրը։ Տեսարանը ծածկվեցավ մթության մեջ...։

________

Վանա ծովակի արևմտյան ափերի մոտ, Սիփան լեռան ստորոտներում, մի փոքրիկ վտակի կանաչազարդ եզերքի մոտ, երևում էին խաշնարածների մի քանի չադրներ, որոնց արտաքին աղքատ կերպարանքը ցույց էր տալիս, թե այդ ողորմելի հովիվները չեն պատկանում քրդերի բախտավոր որևիցե ցեղին։ — Դրանք, հայերից ավելի հալածված, եզիդիների վրաններ էին, որ պատերազմի խռովությունների ժամանակ քաշվել էին այն լեռնային խուլ առանձնության մեջ իրանց կյանքը և փոքրաթիվ անասունները պահպանելու համար։

Հիշյալ վրաններից մեկի մեջ, որ իր վիճակով չէր զանազանվում մյուսներից, Ղանլի-Դարայի սոսկալի կոտորածից մի շաբաթ հետո, կարելի էր տեսնել մահճի մեջ պառկած մի տղամարդ, մահվան պես գունաթափված դեմքով և խորն ընկած մթին աչքերով։ Նա հազիվ կարողանում էր շունչ առնել և խիստ դժվարությամբ էր կարողանում շարժվել մի կողքից դեպի մյուսը, երևում էր, ծանր կերպով վիրավորված էր նա։ — Հիվանդը Սարհատն էր։ Նրա բարձի մոտ նստել էր մի օրիորդ մաշված, վշտահար դեմքով արտասուքով լի աչքերով,— դա Ասլին էր, որին Ղանլի-Դարայի անցքի ժամանակ Մըստոյին հաջողվել էր գողանալ։ Հիվանդի աջ և ձախ կողմերում, որպես տխրության երկու հրեշտակներ, նստած էին երկու ուրիշ աղջիկներ, և նույնպես լաց էին լինում.— դրանք նրա քույրերն էին։ Վրանի մի կողմում, աչքերը բռնած, կուչ էր եկել նրա փոքրիկ եղբայրը։ Իսկ դրսում, վրանի մուտքի մոտ նստած հեկեկում էր ինքը Մըստոն։ Մի մանկահասակ կին գեղեցիկ սևորակ աչքերով ոտքի վրա պտտվում էր — դա Մըստոյի կինն էր։

Հիվանդը գտնվում էր հոգեվարքի ճգնաժամի մեջ...։

Ղանլի-Դարայի կռվի մեջ Սարհատի ընկերներից ազատվեցան երեք վիրավորվածներ միայն. մյուսները բոլորը ընկան։ Ընկան և