Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/88

Այս էջը հաստատված է

են իմանում, հեռվից հրացանի են բռնում, և գնացողներից շատ անգամ մեկն էլ չի վերադառնում։

— Հրազենների պաշարը ի՞նչպես է, վառոդ, գնդակ ունի՞ն։

— Սպառվել էր։ Բայց մի հայ — էլի մեր հայերի երեսը թող սպիտակ լինի — գտավ բերդի մեջ թուրքերից թաքցրած բավական զենքեր, վառոդ և գնդակ․ հիմա նրանցով յոլա են գնում։

— Դու ի՞նչպես կարողացար դուրս գալ բերդից։

— Առավոտյան, դեռ արևը չծագած, պարսպից ցած իջա և ուղիղ մտա քրդերի բանակի մեջ։ Մի ամբողջ օր նրանց ծիծաղացրի, ուրախացրի, երգեցի, պար եկա և հազար տեսակ օյիններ հանեցի, և այսպես ամեն տեղ մտա, ամեն բան իմացա, հետո մնաք բարով ասելով հեռացա։

Գեներալը զարմացած նայեց երիտասարդի երեսին, հարցնելով.

— Դու խ՞նթ ես, ինչ, ա՞, այդ ինչե՞ր ես խոսում։

— Այո՛, տեր,— պատասխանեց երիտասարդը հանգիստ կերպով․— ինձ վիճակված է իմ ամբողջ կյանքում խենթի դեր կատարել... Վատ չէ, դա ազատում է շատ փորձանքներից... Ես հենց ինձ խենթի տեղ էի դրել և այնպես մտա քրդերի բանակը։

Եվ նա սկսեց նկարագրել իր հագուստը և այն բոլոր ծաղրական ձևերը, որով հայտնվեցավ քրդերի բանակի մեջ։

Գեներալի սառն դեմքի վրա անցավ մի թեթև ժպիտ, և նա ընկերաբար հարցրեց.

— Իսկ այդ հագուստը դու ո՞րտեղից գտար։

— Աստված հասցրուց։ Ճանապարհին մի քուրդ գտա, այդ հագուստը, այդ զենքերը և այն սիրուն ձին, որ դրսումը կանգնած է, նրանից խլեցի,— պատասխանեց երիտասարդը, իր սովորական եղանակով պատմելով, թե ինչ հնարքով կարողացավ սպանել քրդին։

— Դու քաջ տղա ես երևում,— ասաց գեներալը, և կրկին ընդունելով իր առաջվա մտախոհ կերպարանքը, շարունակեց հարցուփորձը։

— Շա՞տ են քրդերը։

— Ասում են, քսան հազարից ավել են, բայց բոլորը քրդեր չեն, նրանց մեջ խառն են ամեն տեսակ մահմեդական ցեղեր, ով որ մի քանի կտոր զենք է ունեցել և մի ձի, վազ է տվել դեպի Բայազեդ, և այսպես կազմվել է մի ահագին բազմություն։ Ես ճանապարհին