Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/103

Այս էջը հաստատված է

Տիկինը նոր մտաբերեց, որ քրիստոնյայի զգեստ ուներ հագած և կրկին նստեց թախտի վրա:

Երիտասարդը դուրս գնաց կանչելու Ելենային, որ օգնե նրան հագուստը փոխելու: Նա գտավ նրան նախասենյակում, մի աթոռի վրա նստած և գլուխը դեպի ցած խոնարհեցրած, որպես թե նիրհում էր: Բայց նրա արթուն ականջները լարված էին դեպի ներսի խոսակցությունը։ Երիտասարդը, ներողություն խնդրելով, զարթեցրեց նրան:

— Այդ երրորդ գիշերն է, որ չեմ քնել, բեյ,— ասաց նա աչքերը բաց անելով,— անցյալ գիշեր Զահրան փոքր-ինչ վատ էր զգում իրան, և ես, նրա անկողնի մոտ նստած, մինչև լույս աղոթում էի։

Երիտասարդը խնդրելով նրան փոխել Զահրայի հագուստը, ինքը դուրս եկավ բակը: Մի քանի անգամ անցավ նեղ բակի միջով, հետո հանեց ծխախոտի գեղեցիկ ամանի միջից մի գլանակ, լուցկի էր որոնում, որ ծխե: Այդ միջոցին, ինչպես մի ուրվական, հայտնվեցավ նրա մոտ դռնապանը: Խավարի միջից նա արդեն գուշակել էր երիտասարդի ցանկությունը, լուցկին շտապով շփեց յուր հագուստի կեղտից կոշտացած փեշերին և բռնեց երիտասարդի առջև: Երիտասարդը շնորհակալությամբ ընդունեց այդ ծառայությունը, հարցնելով.

— Ի՞նչ ազգից ես։

Դռնապանն աջ աչքը խփեց, ձախը բաց արեց, ձախը խփեց, աջը բաց արեց և վերջապես կակազելով պատասխանեց.

— Նրանցից եմ... մեծապատիվ էֆենդի:

— Որոնցի՞ց: Հրեա՞ ես։

— Այո՛, մեծապատիվ էֆենդի։

— Էլ ինչո՞ւ ես ծածկում: Ինչո՞վ է վատ հրեան:

— Ախր մեզ վրա ուրիշ կերպ են նայում... մեծապատիվ էֆենդի:

— Իզուր։

Նկատելով բեյի համակրությունը, նա վստահություն ունեցավ ավելի մտերմական լինելու։

— Ամենքը, մեծապատիվ էֆենդի, խո ձեզ նման բարեսիրտ չեն, որ մտնեն թշվառների դրության մեջ...

Բեյը մի ոսկի դրեց նրա ափի մեջ: Հրեան նրա հագուստի դրոշակները սեղմեց յուր շրթունքին և տասն անգամ գլուխ տալով հեռացավ: Բարեբախտաբար մութն էր, բեյը նրա զզվելի կապկությունները չնկատեց: