Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/108

Այս էջը հաստատված է

հնչվում էր խորին հանդիմանություն.— որքան էլ և լինի, էգուց կամ մի գինետնում կվատնես, կամ կխաղաս և տանուլ կտաս։

— Վատնելու և տանուլ տալու համար ևս, հարգելի տիկին, որքան շատ լինի, այնքան ավելի ախորժելի է,— ասաց նա, ոսկիները յուր քսակի մեջ ածելով։— Դու գիտես, որ ես ամեն բանի մեջ սիրում եմ ծայրահեղություն...

— Ես այդ զվարճությունից չեմ զրկի քեզ, սիրելի Էլիաս,— ասաց Ելենան թեթև ժպիտով։— Դու ևս այն գիտես, որ եթե քեզ ավելի փող հարկավոր լինի, ես չեմ խնայի։

Էլիասը լռեց և սկսեց լցնել յուր ծխաքարշը, որի «ծովափրփուրից» շինված գլուխը ներկայացնում էր մի հրեշ, ահագին քթով և դուրս ընկած այտերով։

— Իսկ ի՞նձ...— խոսեց Ալպինիան և՛ ծիծաղելով, և՛ ամաչելով։

Ելենան դրեց նրա առջև երկու պարսկական թանկագին շալեր, ասելով.

— Ո՞րը կամենում ես, ընտրի՛ր, սիրելի Ալպինիա։

Գեղեցիկ շալերը, որ ամեն կնոջ կարող էին խելքից հանել, ընդհակառակն, Ալպինիայի մեջ զարթեցրին խիստ տխուր զգացմունքներ։ Նա մի առանձին թախծությամբ նայում էր նրանց վրա և կարծես վախենում էր ձեռքը մեկնել, որ մատները չայրվեին։

— Խե՜ղճ մայր,— ասաց նա զգացված ձայնով.— այդ շալերով պատվիրեց նա փաթաթել յուր մանուկին, որ ճանապարհին չմրսի... Իսկ ա՞յժմ...

— Այժմ դու պետք է այդ շալերից մեկը վեր առնես և զարդարես քո սիրուն թիկունքը,— ընդմիջեց Էլիասը, բաց թողնելով բերանից ծխային թանձր մառախուղը, որ ծածկեց նրա վայրենի դեմքը:

Ալպինիան այն աստիճան այլայլված էր, որ չլսեց ամուսնու ասածը և շարունակեց, որպես թե ինքն իրան խոսելով.

— Հիմա էլ իմ աչքի առջևն է խեղճ կնոջ մաշված, գունաթափված դեմքը... Երբ հանձնեց նա ինձ յուր մանուկին, այդ յուր հոգին էր, որ բաժանեց իրանից և դրեց իմ գիրկը... Ո՜րքան աղաչում էր նա, ո՜րքան արտասուք էր թափում, որ լավ պահպանեմ յուր երեխային... Ես խոստացա... ևս շատ բաներ խոստացա... և նրա մանուկն առնելով դուրս եկա... փոխանակ դեպի փողոցում սպասող երևակայական կառքը դիմելու, որ պիտի տաներ մեզ