Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/138

Այս էջը հաստատված է

առաջ են ընկնում,— պատասխանեց թաղական վարդապետը։— Դուք ուշադրություն չդարձրիք այն կետի վրա, որ դեռ հազարի չհասած ստորագրությունները մի քանի հազար են հրատարակում...

— Այդ խոսքերում «Մասիսը» սուտ չէ ասել, անխելք,— ընդմիջեց սափրիչը բարկացած կերպով,— եթե մի օր էլ մնա, մի քանի հազարի կհասցնեմ։

— Մի օրվա մեջ մի քանի հազար մարդիկ չեն մտնի ձեր խանութը,— պատասխանեց թաղական վարժապետը ծիծաղով։

— Թող չմտնեն։ Ես գիտեմ այդ քաղաքում ինչ վանեցիներ կան, կնստեմ, անունները մեկ-մեկ կգրեմ, և ոչ ոք էլ չի ասի, թե իմ անունն ինչու՞ գրեցիր։

Օհանը վեր կացավ և շնորհակալություն հայտնելով սափրիչին, որ մի քանի րոպե հանգստացավ նրա խանութում, դուրս եկավ։

Նրա հետևից դուրս եկավ և «առաջին կարգի թելլալը»։

ԺԲ

Իրան «առաջին կարգի թելլալ», այսինքն միջնորդ կոչող վանեցին, պարապում էր գլխավորապես նրանով, որ տների համար սպասավորներ և աղախիններ էր վարձում։ Նրան էին դիմում մարդիկ, երբ մեկին պետք էր մի ձի կամ ավանակ վարձել այս և այն գյուղը, գնալու համար։

Նա բռնեց այն փողոցը, որով գնում էր Օհանը։ Երկար հետևում էր նրան, որպես մի որսորդ, որ շտապում է յուր որսը չկորցնել աչքից։ Երբեք նրա ցամաք և տեղ-տեղ սև բծերով նախշված դեմքն այնպիսի բավականություն չէր արտահայտել, որպես այսօր։ Նա գնում էր և միևնույն ժամանակ յուր մատների վրա ինչ-որ հաշիվներ էր անում։ Երևակայական հաշիվները մեծ արդյունք էին խոստանում։ Այդ երևում էր այն ժպիտից, որ երբեմն ցնցում էր նրա բարակ շրթունքները։

Այդ մարդու ստորագրությունից, որ դրեց նա սափրիչի հանրագրության վրա, իմացանք մենք, որ նա կոչվում էր Մարտիրոս աղա Իշխանապետյանց։ Այդպես էլ կանվանենք նրան։ Փոքր մարդկանց մեծ տոհմանուններ կրելը շատ սովորական է մեր մեջ։

Իշխանապետյանցը որքան և փութացնում էր յուր կարճ ոտների