Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/139

Այս էջը հաստատված է

անբավարար քայլերը, դարձյալ Օհանի հետևից հասնել չէր կարողանում։ Վերջը ստիպվեցավ կանչել նրան։

Օհանը ետ նայեց, տեսավ, որ իրան կանչողը վանեցի առաջին կարգի թելլալն էր։ Կանգ առավ։

— Ինչ կա, որ այդպես շտապում ես, օրհնած,— հարցրեց վանեցին, հազիվհազ շունչ առնելով և ճակատի քրտինքը յուր գունավոր, պատառոտած թաշկինակով սրբելով։— Ու՞ր պիտի գնաս։

Օհանը դժվարացավ այդ հարցին պատասխանել։ Նա մտածում էր գնալ պառավ «մարեի» խրճիթը յուր ազատած մանուկին տեսնել, գիշերը մնալ նրա մոտ, իսկ առավոտյա՞ն.— ինքն էլ չգիտեր, թե ինչով պետք է զբաղվեր։

Իշխանապետյանցը, նկատելով Օհանի շփոթված դրությունը, այլևս չսպասեց նրա պատասխանին, նայեց արեգակին և ձեռքերը տրորելով, ասաց.

— Անցնենք այդ կողմը, դեռ օր շատ կա։

Օհանը մեքենաբար հետևեց նրան։

Գուցե այն հյուրասիրությունը, որ Օհանին ցույց տվեց Իշխանապետյանցը սափրիչի խանութում, կամ գուցե այն զգացմունքը, որ Օհանը գործ ուներ մի հայաստանցու հետ,— լցրել էին պարզամիտ պատանու սիրտը մի տեսակ մտերմությամբ դեպի այդ մարդը, որ ստվերի նման նրանից չէր հեռանում։

Երկար նրանք դնում էին միևնույն փողոցով, որ վերջ չուներ։ Վերջ չունեին և Իշխանապետյանցի խոսակցությունները, որ Օհանին զբաղեցնելու համար անդադար փոփոխում էր նա զանազան առարկաների վրա։ Ի՞նչ բանի մասին ասեք չէր խոսում այդ բազմատես, բազմափորձ, բազմախորհուրդ մարդը, որ յուր մազերը սպիտակացրել էր Ստամբոլի փողոցներում։ Օհանը լուռ լսում էր։ Նա շեղվեցավ այն փողոցից և մտավ մի ոլոր-մոլոր «սոխախ», որ այնքան նեղ էր, որ եթե Օհանը երկու ձեռքերը բաց աներ, կը դիպչեր աջ և ձախ կողմի պատերին։

— Ես այդ կողմումն եմ կենում,— ասաց Իշխանապետյանցը,— իմ բնակարանը շատ հեռու չէ այստեղից։ Մտնենք այդ գինետունը, մի փոքր զովանանք։ Պահողը վանեցի է, շատ պատվական մարդ է։

Ստորերկրյա նկուղը, ուր ներս տարավ Օհանին նրա նոր բարեկամը, այն կարգի գինետներից էր, որտեղ բաժակների ընդհարումների հետ՝ խիստ հաճախ լսվում են բռունցքների ընդհարումներներ,