Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/144

Այս էջը հաստատված է

— Ոչինչ գործ,— ասաց վանեցին, ուսերը շարժելով,— միայն չիբուխ է լցնում։

— Ու՞մ համար։

— Մի հարուստ փաշայի համար: Նրան ես տեղավորեցի փաշայի մոտ։ Այդպիսի տեղեր որոնողները միշտ ինձ են դիմում։ Ես առաջին կարգի թելլալ եմ, բոլոր մեծամեծների հետ ծանոթություն ունեմ, և նրանք ինձ են խնդրում, երբ սպասավորի պետք ունեն։

Օհանն առաջին անգամ էր լսում մի այդպիսի սպասավորություն, որ չիբուխ լցնելու համար ամսական տասնուհինգ ոսկի են վճարում։ Նա չհավատաց և մտածում էր, որ առաջին կարգի թելլալը մաստիքայի ջերմության մեջ չափազանցություններ է անում։

Այդ միջոցին նրանց խոսակցության առարկա եղող պատանին նկատեց առաջին կարգի թելլալին, և պճնասեր սպասավորների հատուկ հպարտությամբ մոտեցավ հեռվից ձայն տալով․

— Բարո՜վ, Մարտիրոս աղա, դո՞ւ էլ այստեղ ես, երբ եկար, ինչո՞ւ ես այստեղ նստած, ինչո՞ւ չես գալիս մեզ մոտ։

Նա ձեռքը մեկնեց վանեցուն և վերևից նայեց Օհանի վրա։

— Դա ո՞վ է,— հարցրեց նա, մի առանձին արհամարհանքով ձեռքը տանելով դեպի Օհանը։

— Իմ լավ բարեկամս է, Պետրոս աղա, Մուշից նոր է եկել,— պատասխանեց Մարտիրոս աղան։

«Այստեղ ամենքը աղաներ են», մտածեց Օհանը գլուխը շարժելով․— «փաշայի չիբուխ լցնողն էլ աղա է, ծառաների թելլալն էլ աղա է, գինետան պահողն էլ աղա է․․․»։


— Նստի՛ր,— խնդրեց թելլալը, պատանու փեշից քաշելով։

— Չեմ կարող, ընկերներս այնտեղ սպասում են ինձ,— ասաց նա կոտրատվելով.— դու եկ մեզ մոտ։ Այնտեղ ամեն բան ունենք։

— Բայց ես իմ հյուրին միայնակ չեմ կարող թողնել։

— Թող քո հյուրն էլ գա։ Գնանք, մշեցի՛,— դարձավ նա դեպի Օհանը, մի առանձին եղանակով շեշտելով «մշեցի» բառը։

Օհանը վրդովվեցավ և թեք կերպով նայելով նրա երեսին, ասաց.

— Դու չգիտե՞ս, որ մշեցու ու վանեցու ջուրը մեկ առվակով չէ գնում...

— Դու հիմա էլ վանեցու մոտ ես նստած։

— Այդ իմ մեղքիցն է,— ասաց Օհանը զայրացած ձայնով, վեր կացավ և կամենում էր հեռանալ։— Եթե դրսումը լիներ, ես քո