Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/146

Այս էջը հաստատված է

Թելլալը նկատեց Օհանի թախծությունը, լցրեց բաժակները և մեկը դնելով նրա առջև, ասաց.

— Խմի՛ր, սիրտդ ուրախ պահիր, աստված ողորմած է, սև օրը տեղի է տալիս լույս օրին, և մթին խավարից հետո ծագում է պայծառ արեգակը... Այս աշխարհում ամեն ինչ փոփոխական է... Դժբախտությունն ու բախտավորությունն անդադար հաջորդում են միմյանց, որպես երկու հարազատ ժառանգներ... Մի օր քեզ համար էլ բաց կլինի բախտավորության դուռը, և այդ օրը մոտ է...

Օհանը վեր առեց բաժակը և այս անգամ, առանց ջուր խառնելու, ամբողջապես դատարկեց։

— Լսի՛ր, Օհան,— առաջ տարավ թելլալր, որի լեզուն, գլուխը տաքանալուց հետո, մի առանձին ճարտասանական ուժ էր ստացել։— Տեսնում ես ինձ, կյանքս մոտեցել է յուր վախճանին, մազերս արդեն սկսել են ճերմակել. այսուհետև ինձ մնում է միայն իմ հոգու համար մտածել։ Ես այժմ ուրիշների բախտավորության մեջն եմ գտնում թե իմ բախտավորությունը և թե իմ ուրախությունը։ Այդ պատճառով նպատակ եմ դրել ինձ, որքան կարող եմ, բարիք գործեմ և ուրիշների բախտավորության համար աշխատեմ։ Այդ իմ մխիթարությունն է։ Հենց առաջին անգամ, երբ տեսա քեզ սափրիչի խանութում, սիրտս ասաց ինձ՝ «այդ տղան խեղճ է, անփորձ է, ընկել է Ստամբոլի փոթորիկների մեջ, դրան պետք է օգնել, պետք է շահավետ վաստակի ճանապարհ ցույց տալ...»։ Այդ էր պատճառը, որ ես դուրս եկա քո հետևից և քեզ բերեցի այստեղ, որ փոքր-ինչ երկար խոսեմ քեզ հետ։ Վկա է աստված, որ բացի լավությունից, ես մի այլ նպատակ չեմ ունեցել...

Հաջի աղան յուր երևելի քթով կրկին անցավ նրանց մոտով, ընդհատեց խոսակցությունը։ Սպասավորներն զբաղված լինելով, նա լուսավորում էր ճրագները, որոնք տիրող օդի թանձրությունից հոգեվարքի մեջ հազիվհազ պլպլում էին։

Օհանը ոչինչ չէր խոսում, նա լուռ լսում էր, անհամբերությամբ սպասելով, թե ինչով կվերջացնե յուր սեղանակիցը այդ երկար քարոզներր։ Նա շարունակեց.

— Դու արդեն գիտես, Օհան, որ ես այս քաղաքի աոաջին կարգի թելլալն եմ։ Շատ նշանավոր գործեր իմ ձեռքով են անց կացել, և շատերը ևս անցնելու են... Ես իմ հոգու համար, միշտ աշխատել եմ՝ Հայաստանից եկած անփորձ պատանիների համար գործ գտնել և նրանց տեղավորել արդյունավոր տեղերում։ Մի շատ