Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/159

Այս էջը հաստատված է

գրգռեց Օհանի կասկածը։ Ինչո՞ւ պետք է հեռացրած լիներ աղախնին։

Նա գտավ օրիորդին յուր սենյակում՝ խորին անհամբերության մեջ ոտքի վրա, մերթ մոտենում այս և մերթ այն լուսամուտին։ Տեսնելով Օհանին, կանգ առավ սենյակի մեջ տեղում և առանց սպասելու, որ նա հայտնե, թև ինչո՛ւ համար է եկել, ինքն ասաց.

— Դու երևի այն գորգի համար եկար, այլևս պետք չէ, ես միտքս փոխեցի, մի այլ բան պիտի գնել տամ...

Օհանը հասկացավ, որ իրան կամենում են հեռացնել, մանավանդ երբ տեսավ, որ օրիորդը յուր խոսքը վերջացնելուց հետո երեսը շուռ տվեց, կրկին մոտեցավ լուսամուտին, սկսեց Նայել դեպի բակը։

— Այո՛, գորգի համար էի եկել,— պատասխանեց նա և քաղաքավարությամբ գլուխ տալով դուրս եկավ։

Օրիորդը մի քանի օր առաջ պատվիրել էր նրան՝ գնել մի փոքրիկ գորգ յուր թախտի առջև տարածելու համար, որովհետև յուր ունեցածը շատ գեղեցիկ չէր գտնում։

Օհանը դուրս եկավ նախասենյակը, դուռը յուր հետևից ծածկեց, բայց փոխանակ դեպի բակը գնալու, հուշիկ քայլերով անցավ դեպի մի այլ սենյակ, այնտեղից մտավ երկրորդը և երրորդը։ Այդ վերջինը, որ մի ընդարձակ դահլիճ էր, բաժանված էր օրիորդի գտնված սենյակից կամարաձև անջրպետով, որ ծածկված էր ծանր, անթափանցիկ մետաքսյա վարագույրներով։ Իսկ մյուս ճակատի լուսամուտները բացված էին դեպի գեղեցիկ պատշգամբը, որ նայում էր Բոսֆորի վրա։

Օհանն անցավ պատշգամբի վրա։

Ի՞նչ կմտածեր օրիորդը, եթե հանկարծ դուրս գալու լիներ և նրան այնտեղ տեսներ։ Սպասավորի համար այդ հարցը շատ տարակուսական չէր կարող լինել։ Օհանը իսկույն յուր համար գործ գտավ։ Սկսեց ծաղիկների թաղարներն ուղղել, մի քանիսը տեղափոխեց, մի քանիսի չորացած տերևները մաքրեց, հետո մոտեցավ այնտեղ դրած միակ բազկաթոռին և անձեռոցիկ չգտնելով, գրպանից թաշկինակը հանեց, սկսեց փոշին մաքրել։ Այդ ծանր, գեղաքանդակ բազկաթոռի վրա նստում էր փաշան, երբ երբեմն երեկոյան պահուն գալիս էր յուր դստեր մոտ՝ ծխելու և սուրճ խմելու։ Իսկ այժմ մի առանձին բավականությամբ բազմեցավ նրա վրա Օհանը, սկսեց նայել դեպի ծովը և մտածել, եթե օրիորդը դուրս