Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/164

Այս էջը հաստատված է

— Դու ինձ խաբո՞ւմ ես, Ելենա, ի՞նչ արեցիր իմ երեխան... սիրտս ասում է, որ դա իմ երեխան չէ՜...

Նրա գլուխը թեքվեցավ թախտի վրա, աչքերը բռնեց, սկսեց դառն կերպով հեկեկալ։

Խեղճ մոր արտասուքն ավելի զայրացրեց անգութ փերեզակի սիրտը, որ կանգնելով նրա գլխի մոտ արտասանեց հետևյալ խոսքերը.

— Ա՞յդ պետք է լիներ Ելենայի վարձատրությունը, որ նրան խաբեբա՜ ես կոչում... Դրանո՞վ ես կատարում այն բոլոր խոստումները, որ իմ տան մեջ արեցիր ինձ... Ես քո ամոթը ծածկեցի... քո նախատինքը պարտակեցի... ես ազատեցի քեզ աշխարհի դատապարտությունից և ծնողաց անեծքից... իսկ դու՛, փոխանակ երախտագետ լինելու, ինձ խաբեբա ես կոչում...

— Իմ երեխան չէ՜...— կրկնեց թշվառ մայրը և գլուխը բարձրացնելով, վշտալի աչքերը դարձրեց դեպի փերեզակը, աղաչելով.

— Ելենա, տո՛ւր իմ երեխան... ի՞նչ արեցիր իմ երեխան... Դա իմ երեխան չէ... ի սեր աստուծո, տո՛ւր իմ երեխան... ես կը մեռնեմ կսկծից...։

Փերեզակ կնոջ աչքերի մեջ փայլեց մի դիվական կատաղություն և նրա մեղմ դեմքը սոսկալի դարձավ։

— Բավակա՜ն է,— ձայն տվեց նա,— բավակա՜ն է, որքան վիրավորեցիր ինձ... Եթե ավելի ևս կխոսես, ես այդ երեխան կվերառնեմ, կտանեմ և կդնեմ քո հոր առջև... թո՛ղ նա որոշե, թե ո՛ւմ երեխան է...

Օրիորդը ոչինչ չլսեց. նա թուլացած ընկած էր թախտի վրա և հազիվհազ լսվում էր նրա ցավալի հառաչանքը...

Այդ միջոցին մի ուժեղ ձեռք բռնեց փերեզակ կնոջ օձիքից, գոչելով.

— Լռի՛ր, անզգամ,— նրա երեխան ինձ մոտ է... Նայի՛ր իմ երեսին... ճանաչո՞ւմ ես... Ես այն չոփչին եմ, որին խաբեցիր և գիշերային խավարի միջոցին, քո կատվի պատրվակով, նրա երեխան տվեցիր, որ տանեմ ծովը նետեմ... Աստված ազատեց նրան... իսկ նրա փոխարեն՝ դու այժմ ծովը կնետվե՞ս...։

Վերջին խոսքերն արտասանելու միջոցին, հափշտակեց նա ուշաթափ փերեզակին և ձեռքերի վրա բարձրացնելով, վազեց դեպի պատշգամբը, որ կախված էր Բոսֆորի վրա։

— Օհա՜ն... ի սեր Աստուծո... այդ ի՞նչ ես անում... խնայի՜ր,— նրա հետևից վազելով աղաչում էր օրիորդը և պինդ բռնած ուներ նրա ձեռքից։— Թո՛ղ տուր...։ Աստված կպատժե դրան...