Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/175

Այս էջը հաստատված է

ժամանակ հայրապետական աթոռի վրա բազմած էր մի հանճարեղ մարդ, որպիսին էր մեր հայ Սահակ Պարթևը։ Նա արծվի սրատեսությամբ նախադիտում էր այն սարսափելի վտանգը, որ սպառնում էր մեր հայրենիքին։ Նա տեսնում էր Արշակունյաց գահի մոտալուտ անկումը, տեսնում էր, որ Հայաստանը պիտի բաժանվի հույների և պարսիկների մեջ, որոնք մինը մյուսից ավելի վնասակար պետք է լինեին։ նա տեսնում էր և մի այլ դժբախտություն, որ ս. Գրիգոր Լուսավորչի հայրապետական աթոռը պետք է ժառանգեն կեղծավորները, շահասերները և դավաճանները։ Հայրենիքի երկու հզոր պաշտպանների — հոգևոր և մարմնավոր իշխանության — վախճանը հասած էր տեսնում։ Այդ ժամանակ պետք է օգնության հասներ մի փրկություն, որ լրացներ այդ մեծ կորուստը, այսինքն հոգևոր և մարմնավոր իշխանության անկմանը։ Եվ այդ փրկությունը սկսեց որոնել նա ժողովրդի կրթության և լուսավորության մեջ։ Եվ այդ էր գլխավոր շարժառիթը, որ նա ամենայն ջանքով սկսեց մեր աշխարհում ուսում տարածել,— ուսում մայրենի լեզվով։

Հռետորը լսում էր, մատներով իր մորուքի հետ խաղալով։ Երիտասարդը շարունակեց.

— Մեր Սահակ հոր նախորդները խիստ սահմանափակ և խախուտ հիմքերի վրա էին գրել ժողովրդի կրթության գործը։ Քրիստոնեության հետ նրանք մտցրին մեր մեջ հունաց և ասորոց դպրությունը։ Մեր առաջին վարժապետները եղան հույները և ասորիները։ Գրում էինք, կարդում էինք նրանց լեզուներով։ Մեր եկեղեցում անգամ տիրապետում էր օտար լեզու։ Սուրբ գրքերի ընթերցանությունը լսում էինք կամ հունաց կամ ասորաց լեզուներով։ Մի կողմից էլ պարսիկն էր աշխատում իր լեզուն մեր մեջ մտցնել, որպես դպրոցների և դիվանների պաշտոնական լեզու։ Մեր Սահակ հայրը պարզ տեսնում էր, թե ինչ մեծ չարիք կարող էր առաջանալ այդ բոլորից։ Մայրենի լեզուն հետզհետե մեռնում էր,— մեռնում էր նրա հետ և ազգությունը։ Եվ դրա մեջն էր Հայաստանի իսկական մահը։ Հայը կորցնելով իր լեզուն, կը լուծվեր, կանհետանար այն ազգերի մեջ, որոնց լեզվով խոսում էր։ Վտանգի մեծությունը սարսափելի էր։ Եվ մեծ Հայրապետը աշխատեց վտանգի առաջը առնել։ նա գիտեր, որ հայը կորցնելով իր անկախությունը, մի ժամանակ դարձյալ կարող էր անկախություն ձեռք բերել, եթե ազգը կենդանի կմնար։ Բայց հայը կորցնելով իր լեզուն, կդադարեր ապրել իբրև առանձին ազգ,— նա կլիներ հույն, ասորի, պարսիկ