Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/18

Այս էջը հաստատված է

միայն, որ Բոշան համբերի և դատարանին գանգատ չանի։ Իսկ համբերությունը Բոշայի միակ նպատակն էր, որովհետև օըրստօրե նրա պարտամուրհակի թվանշաններն ավելի խոշոր ձև էին ստանում…

Ե

Երեկո էր։ Արևը խոնարհվում էր դեպի յուր գիշերային մուտքը։ Ցուրտն սկսել էր սաստկանալ։ Փողոցների քարուղիները սառել էին արդեն, երբ Մարիամը, լվացքի ծանր կապոցը գլխին դրած, հետ էր դառնում բաղնիքներից։ Նրա հագուստի թրջված թքևերն փեշերքը սառել, տախտակի նման էին դարձել և սպիտակ դեմքը ցրտի սաստկությունից ստացել էր մուգ-կարմիր գույն, իսկ ամբողջ օրը լվացքի մեջ տրորված ձեռքերը բոլորովին լրջացել էին։ Նա հետ էր դառնում մի խումբ աղջիկների հետ, որոնց ամեն մինը բերում էր գլխի վրա յուր լվացքի կապոցը։

Նույն ժամուն մի պառավ կին, ոտքից գլուխ սև հագնված, ծածկված սպիտակ չարսավով, հետևում էր այդ ուրախ խմբին, որոնք քչքչալով, խոսելով և ծիծաղելով տուն էին դառնում։ Աղջիկները բոլորը համարյա թե խեղճ ընտանիքների զավակներ էին, որպես Մարիամը։ Նրանք օրական վարձով աշխատում էին լվացարարների համար։ Պառավն աչքը չէր հեռացնում նրանց խմբից, կարծես թե մի բան էր պտրում․ «էդ մինն ամենից լավն է...», ասաց նա յուր մտքի մեջ և ավելի մոտեցավ Մարիամին։

Երբ աղջիկները դուրս եկան բազարից, մտան մի խուլ փողոց, Մարիամը բավականին հետ մնաց յուր խմբից։

— Ո՞ւմ աղջիկն ես,— հարցրուց նրանից պառավը հազիվ լսելի ձայնով։

— Խարազ Օվանեսի աղջիկը։

— Հերդ կենում է՞։

— Չէ, մեռած է։

— Ապա ո՞վ ունես։

— Մեր ու մի պստիկ աղբեր։

— Ո՞ւմն է էդ լվացքը։

— Մեր հարևանինն է։

— Ինչո՞ւ ես դու լվանում։

— Նա ինձ փող է տալիս։