Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/185

Այս էջը հաստատված է

մի փոքրիկ և անպաշտպան խումբ, բայց այդ աննշան խումբը յուր փոքրամասնության մեջ մեծ և զորավոր կլինի, որովհետև ներշնչված է բարձր հանրազգային գաղափարներով...

Անապատի զանգակներն սկսեցին ավելի և ավելի բարձր հնչել։ Արշալույսը շառագունել էր։ Դրսից լսելի էր լինում նոր զարթած թռչունների ձայնը։

Օտարականը կրկին և կրկին համբուրեց գերեզմանը, և վերջին անգամ իր տխուր հայացքը ձգելով սև տապանաքարի վրա, վերցրեց իր ճանապարհորդական ցուպն ու պարկը և զգուշությամբ դուրս եկավ մատուռից։

Անապատի մեջ կատարվում էր վաղորդյան ժամերգությունը: Աբեղաներն աղոթում էին։ Ծերունի ժամկոչը` միայնակ նստած եկեղեցու դռան հանդեպ և բավական գոհ իր վիճակից` նայում էր դեպի զանգակատան բարձրությունը, որի վրա աղավնիներն այդ ժամանակ մի առանձին բավականությամբ սեթևեթում էին միմյանց հետ։ Սպասավորներից մեկը ավելում էր բակը։

Ժամկոչը հեռվից տեսավ օտարականին։ Ուղևորի ցուպը, մեջքին կապած պարկը և մաշված հագուստը առիթ տվին նրան մտածել, թե մի որևիցե մուրացկան պետք է լինի, որ գիշերը պատսպարվել էր անապատում։ Բայց նրա մեջ կասկած պատճառեց մի բան, թե ինչո՞ւ այդ մուրացկանն այդպես վաղ առավոտյան թողնում է անապատը, այն ևս առանց եկեղեցին մտնելու, կամ գոնե նրա դուռը համբուրելու: Նա կանչեց իր մոտ բակը ավելող սպասավորին և հարցրեց.

— Տեսա՞ր այն մուրացկանին։

— Տեսա,— պատասխանեց սպասավորը կողքը քորելով։ Նա դուրս եկավ սուրբ Մեսրոպի մատուռից։

— Սուրբ Մեսրոպի մատուռի՞ց,— կրկնեց ժամկոչը զարմանալով։— Այնտեղ ի՞նչ էր շինում։

— Ի՞նչ պիտի շիներ,— ասաց սպասավորը, շարունակելով կողքը քորել,— երևի մտել էր իր հին վարժապետի գերեզմանի վրա «հոգւոց» կարդալու։

— Ո՞վ էր նա։

— Չճանաչեցի՞ք։

— Հարյուրավոր մուրացկաններ են գալիս այստեղ, ո՞ր մեկին կարող ես ճանաչել։

— Նա մուրացկան չէր։

— Ապա ո՞վ էր:

— Մովսեսը: