Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/199

Այս էջը հաստատված է

պատահարը քեզ այստեղ բերեց, գիշերվա այդ ժամուն, եղանակի այդ խստության ժամանակ։

— Հանգստացեք, հայրիկ,— պատասխանեց երիտասարդ աբեղան մոտենալով և նրա օրհնությունն առնելով,— չար ոչինչ չէ պատահել, ես իսկույն բոլորը կպատմեմ ձեզ։

Նա նստեց ծերունուց փոքր-ինչ հեռու։ Նրա խոսքերից երևաց, թե հիվանդ եղբայր ունի մերձակա գյուղում, վանահորից թույլտվություն խնդրելով, եկած էր եղբորը տեսնելու, և այդ դեպքից օգուտ քաղելով, մտածեց այցելել իր վարժապետին։ Իսկ գիշերով գալու և հագուստ փոխելու պատճառը այն է, որ իրան, վարժապետին հայտնի պետք է լինի, որ նրա մոտ մտնողների վրա մյուս հոգևորականները կասկածանքով են նայում։

Նրա պատմության առաջին մասը բոլորովին շինծու էր. նա ոչ հիվանդ եղբայր ուներ և ոչ գնացել էր նրան տեսնելու։ Նա ուղիղ եկած էր ծերունու մոտ, բայց թե ի՞նչ նպատակով,— այդ մասին զգուշությամբ լռեց, չկամենալով միանգամից հարվածել նրա առանց դրան էլ խորտակված սիրտը։

Ծերունին փոքր-ինչ հանգստացավ։

— Այո՛, ինձ հայտնի է,— ասաց նա մի առանձին դառնությամբ,— որ ինձ մոտ մտնողների վրա կասկածանքով են նայում հայոց աբեղաները, աղանդավոր են համարում... Պատմեցեք,— խոսքս փոխեց նա — ի՞նչ նորություններ կան ձեր վանքում։

Երիտասարդը սկսեց պատմել զանազան վանական ինտրիգների մասին, աբեղաների ծուլության և զոշաքաղության մասին։ Ծերունին անհետաքրքրությամբ լսում էր, որպես մի սովորական բան, և գլուխը քարշ ձգած, առանց երիտասարդի երեսին նայելու, իր շուրջը ընկած գրքերը խնամքով վեր էր առնում և մի կողմ էր դնում։ Բոլորը հավաքեց նա, բայց նրանցից մեկը, որ ինքն էր գրել, պահեց իր ձեռքում։ Երիտասարդին ծանոթ էր այդ գիրքը, նա հետաքրքրությամբ հարցրեց.

— Դեռ չե՞ք ավարտել, հայրիկ։

— Պատմությունը ավարտել եմ. այսօր գրեցի իմ ողբը. դա կլինի իմ աշխատության վերջաբանը։

— Մինչև որտե՞ղ հասցրիք պատմությունը։

— Մինչև Արշակունյաց թագավորության և մեր Լուսավորիչ հոր տոհմի Հայրապետական Աթոռի անկումը։ Ավելի հեռու գնալ չէի կարող, որ նկարագրեի մեր այժմյան կղերի ամոթալի գործերը։