Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/216

Այս էջը հաստատված է

մեջ ես տեսնում եմ նույն բարությունը, որպես առաջ, և այժմ քո լի գթով աչքերը նայում են իմ վրա վաղեմի սիրով։ Ինձ թվում է, որպես թե դեռ լսում եմ քո իմաստալից խրատները․— «Ֆարհատ, որդի, բաց գլխով մութի մեջ ման չգաս, չարքերը կզարկեն գլխիդ․․․ հորանջելու ժամանակ երեսիդ խաչ հա՛ն, որ սատանան չմտնե փորդ․․․ գիշերը մաստաք չծամես, մեռելները կնեղանան»... Այսպիսի շատ խրատներ տալիս էիր դու ինձ, զգուշացնում էիր, որ ավերակների մեջ չմտնեմ... զգուշացնում էիր, որ գերեզմանատան մոտից մենակ չանցնեմ... ու սև կատվի հետ չխաղամ․․․

Տատս կոչվում էր Շուշան։ Նա ժառանգել էր իր մոր անունը։ Թե քանի՞ տարեկան էր,— ես հիմա էլ չգիտեմ։ Բայց նա ականատես էր եղած այնպիսի անցքերի, որոնց վրայից դարեր էին սահել։ Այսուամենայնիվ, նա բոլորովին չէր կորցրել իր ժրությունը։ Կտեսնեիր, մի անվաստակելի մեքենայի պես, առավոտից մինչև երեկո, անդադար շարժման մեջ է։ Նրա ամենատես աչքերը ամեն բանի վրա կնայեին և ամեն բան կդիտեին․ նրա անհանգիստ լեզուն ամեն բանի մասին հարցմունքներ կաներ և անվերջ հաշիվ ու համարներ կպահանջեր։ Մինչև մահ նա չթողեց ձեռքից իր կառավարության գավազանը — ահագին փայտյա շերեփը, որով նա ընթրիքի և ճաշի ժամանակ կերակուր էր բաժանում։ Մինչև նրա մահը մեր տան թե մեծը և թե փոքրը ամենայն խոնարհությամբ հպատակում էին նրա հեղինակությանը։

Տատս շատ աշխատասեր կին էր։ Ես դեռ հիշում եմ, թե որպես գիշերի մեծ մասը, նստած այծի մորթի վրա, դնում էր իր առջև մանելու մեքենան, և ոսկրացած ձեռքով, պտույտ տալով ճախարակի թևքը, բամբակից թել էր պատրաստում։ Ինձ թվում է, թե դեռ զարկում է իմ ականջներին պառավի դողդոջուն մեղեդին իր տխուր, մելամաղձական հնչյուններով․ ինձ թվում է, թե դեռ լսում եմ նրա նահապետական մեքենայի խուլ ճռճռոցը։

Մեր գյուղում տատս համարվում էր խելացի պառավներից մեկը, իսկ իր տան մեջ նրա իմաստությունը հասնում էր անսխալականության։ Ճշմարիտն ասած, ես էլ փոքր ժամանակս հիացած էի նրա իմաստությունով։ Նա ամեն բան գիտեր։ Նա գիտեր, թե ի՛նչ նշանակություն ունեն այս և այն երազները։ Նա գիտեր, թե ի՛նչ խորհուրդ ունեն, երբ մարդու մարմնի այս ու այն մասերը «խաղում են»։ Նա հասկանում էր կաչաղակի լեզուն, և բացատրում էր, թե ի՛նչ լավ խաբարներ է բերում նա, երբ մեր պատի