Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/239

Այս էջը հաստատված է

— Մի՞թե կարելի է թողնել փոքրիկ աղջկան այս խավարում, այս ձների մեջ, տնից դուրս գալ,— հարցրի նրանից։

— Թո՛ղ սովորե՛․․․— պատասխանեց հայրը և հեռացավ։

Այդ սառն և խստասիրտ պատասխանր ինձ խիստ օտարոտի երևաց։ Ի՞նչ պիտի սովորեր փոքրիկ աղջիկը։— Գիշերային փոթորիկի ժամանակ, ձյունի և սառնամանիքի մեջ միայնակ ման գալ։ Ես չէի հասկանում դրանում ինչ միտք կամ նպատակ կարող էր լինել։ Այդ ինչ տարապայման կրթություն էր, որ խստասիրտ հայրը ցանկանում էր տալ մանկահասակ աղջկան։ Մարոն առանց դրան ևս վայրենի բնավորություն ուներ։ Ամեն անգամ, երբ մեր տունն էր գալիս, առանց մեկին կծելու, առանց մյուսին ճանկռելու չէր հեռանա։ Նա անպատճառ մեկ ղալմաղալ պետք է սարքեր։ Այս պատճառով վերջին անկարգությունը մեզ երևաց բոլորովին սովորական։ Նա խիստ չար աղջիկ էր, բայց մենք ամենքս սիրում էինք այդ կյանքով լի և միշտ ուրախ փոքրիկին։ Իսկ Մարիամի հետ նրա ոխակալությունը ուներ իր պատմական պատճառները. չդիտեմ մի տարի առաջ, թե երբ, մի անդամ Մարիամը նրան կոչել էր «բոշա». այդ վիրավորանքը Մարոն երբեք չէր կարող մոռանալ, թեև քրոջս խոսքը բոլորովին հեռու չէր ճշմարտությունից, որովհետև Մարոյի մեջ կար շատ ինչ բոշայական։ Մարոն չէր կարող համբերել, երբ նրան հիշեցնում էին, թե նրա երեսը սևուկ գույն ունի, թե նրա մեծ, կրակոտ աչքերը «ֆալ բացողի» (կախարդի) աչքեր էին, նրա մանր գանգուրներով թուխ ծամերը միայն արաբները կարող էին ունենալ։ Հարկավոր չէր ուղղակի նկատողությունը, բավական էր ասել, թե Մարիամի երեսը ճերմակ է կամ նրա մազերը շեկ ոսկու գույն ունեին,— այն ժամանակ Մարոն իրանը հասկանում էր։ Նա մինչև անգամ նախանձվում էր, որ Մարիամը միևնույն անունն է կրում, ինչ որ ինքն ուներ, և այս պատճառով ամենևին չէր բարկանում, երբ նրան կրճատած կերպով Մարո էին կոչում․ դրանով գոնե իր անունը զանազանվում էր։

Ինձ հետ Մարոյի հարաբերությունները նույնպես բարեկամական չէին․ երբ ես բարկացնում էի, նա պատրաստ էր պատառոտել ինձ, բայց զգալով իր ուժի անհավասարությունը, միշտ սպառնում էր,թե «գիշերը, իմ քնած ժամանակը, նա կգա և կխեղդե ինձ»։ Մարոն հաշտ էր միայն Մագթաղի հետ, որովհետև չափազանց փափուկ բնավորություն ունեցող Մագթաղր թեքվում էր նրա առջև և համարյա բոլորովին ենթարկված էր նրա ազդեցությանը։