Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/243

Այս էջը հաստատված է

աստիճան ուսումնասիրած էր, որ բավական էր տեսնել նրանց թաթերի ձյունի վրա տպավորված հետքերը, այնուհետև նա դիտեր, թե ի՛նչ անասուն էր անցել, ո՛րտեղ կարելի է գտնել նրան կամ ի՛նչ հնարքով պետք էր որսար:

Ավոն ուրիշ պարապմունք չուներ. նա ապրում էր որսորդությունով միայն: Մազոտ գազանների մորթերի գործածությունը մահմեդականների համար պիղծ համարվելով, թուրքերը, պարսիկները և քրդերը նրանց որսորդությունով չէին պարապում, և այս պատճառով ասպարեզը մնացել էր միայն Ավոյին։ Նրա տունը մի կատարյալ գազանանոց էր։ Ամեն անգամ, ես այնտեղ գնալիս, գտնում էի նրան զբաղված կամ գազանները կերակրելով և կամ աղվեսի, կուզի, գայլի, արջի, վագրի և այլ այս տեսակ անասունների մորթերը չորացնելով։ Հրեա և հայ վաճառականները իրանք գալիս էին, և գնելով մորթերը, տանում էին հեռու երկրներ վաճառելու:

Մարոն այն աստիճան ընտելացած էր գազանների հետ, որ ամենևին նրանցից չէր վախենում: Մի անգամ նա ցույց տվեց ինձ մի ամեհի վագր, ասելով.

— Տես, Ֆարհատ, ի՜նչ գեղեցիկ բծեր ունի:

Ես սարսափեցա, երթ փոքրիկ աղջիկը մոտեցավ և սկսեց փայփայել գազանի ահագին գլուխը։

— Ի՞նչու ես վախենում,— ասաց նա ծիծաղելով,— դա մի մեծ կատու է, և ավելի ոչինչ։

Այդ վագրին մանուկ հասակից որսացել էր նրա հայրը, որովհետև Մարոն շատ սիրում էր նրան, այս պատճառով պահել, մեծացրել էին։ Ինձ թվում էր, որ Մարոն էլ այն գազանների ձագերից մեկը պետք է լիներ, որովհետև նրանցից չէր վախենում և նրանց շատ սիրում էր։

Ե
ՄԱՆԿԱՎԱՐԺ ԵՎ ՔԱՀԱՆԱ

Մայրս իմ փոքր հասակից հոգս էր տանում, որ գիր կարդալ սովորեմ և «լավ մարդ» դառնամ։ Տասն տարեկան էի, երբ նա ինձ մեր թաղի քահանայի մոտ տարավ։ Այն օրը հոգեգալստյան տոնն էր։— «Հոգեգալուստը լավ օր է,— ասում էր մայրս,— եթե երեխան