Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/254

Այս էջը հաստատված է

իմ մխիթարությունը... դու էիր քաղցրացնում իմ տխուր ժամերի դառնությունը...

Սոնան վարժապետիս աղջիկն էր: Ես իմ կյանքում չեմ տեսել մի այնպիսի բարի և անմեղ բնավորություն։ Պատահում էր, երբ վարժապետս ծեծում էր ինձ, Սոնան մի թաքուն տեղ նստած, լաց էր լինում։ Խե՜ղճ աղջիկ, ի՞նչու էր լաց լինում նա։


Է

ՍԻՐՈ ԱՌԱՋԻՆ ԶԳԱՑՄՈՒՆՔԸ

Վարժապետիս ընտանիքը կազմում էին երեք հոգի` կինը, որդին և փոքրիկ Սոնան։ Նրա կնոջը կոչում էին Գյուլ-Ջհան։ Չնայելով իր գեղեցիկ անվանը, որ նշանակում է աշխարհի վարդը, երեցկինը աշխարհի ամենաայլանդակ արարածներից մեկն էր։ Այսուամենայնիվ տեր հայրը, եթե չասենք սիրում էր, բայց բավականին հարգում էր նրան: Թեև պատահած ժամանակ մանր հայհոյանքներ տալիս էր, բայց շատ սակավ էր պատահում, որ ծեծեր նրան։ Դա ուներ իր առանձին պատճառները, որպես մարգարեի առաջին երկրպագուն լինում է իր կինը, այսպես էլ «աշխարհի վարդը» տեր հոր ամենամոլեռանդ պաշտողներիցն էր։ Նա էր հռչակում կանանց հասարակության մեջ, թե որպիսի հրաշալի ներգործություններ էին անում իր ամուսնի կախարդական թղթերը։ Նա էր տարածում լուրեր, թե այսինչ և այնինչ տիկինը որպիսի բախտի հասավ տեր հոր կախարդությունների շնորհիվ։ Այսպիսով ավելանում էր վարժապետիս հաճախորդների թիվը։

Որդին — Ստեփանը — վարժապետիս երեխաների անդրանիկն էր. դա մի սիրուն տղա էր, որ ամենևին նման չէր մորը: Միշտ լուռ, միշտ մունջ, գունաթափ դեմքով և մարած աչքերով Ստեփանը մի ապուշ երեխա էր։ Չէր կարելի առանց խղճալու նայել նրա երկչոտ երեսին։ Նրա հետ խոսելու ժամանակ ես միշտ նկատում էի, որ առանց պատճառի ժպտում էր, ծիծաղում էր, արձակում էր մի քանի անմիտ, անկապ խոսքեր և իսկույն գժի նման փախչում էր, վախենալով, չիցե թե իրան ծեծեն։ Խեղճը ցնորված էր: Երբեմն ամբողջ գիշերներ անցուցանում էր նա անհանգիստ զառանցության մեջ, շատ անգամ քնած տեղից վեր էր թռչում և անգիտակցաբար գնում էր, ուր որ հանդիպում էր: Այս