Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/259

Այս էջը հաստատված է

անգիր պատրաստել: Մեծ պասի սկզբից նրանք ամեն օր սերտում էին ու սերտում, բայց հենց որ մոտեցավ զատիկը, վարժապետը որից որ հարցրեց, չկարողացավ կարդալ: Էլ ուրիշ ճար չկար, վարժապետը ստիպված, ինձ հանձնեց պատրաստել «Դանիելին»։ Այն օրը մեծ պասի վերջին ավագ ուրրաթ օրն էր— Հիսուս Քրիստոսի խաչելության և չարչարանքի օրը... մի այնքան չարչարանք պետք էր՝ մի օրվա մեջ «Դանիելին» պատրաստելու համար։ Ավագ շաբթի կեսօրին վարդապետը հարցրեց, ես կարողացա կարդալ երեք քառորդ մասը միայն։ Գուցե մինչև երեկոյան պատարագի սկսվելը ես կարող կլինեի մնացածն էլ սերտել, բայց նա համբերել չկարողացավ, սաստիկ բարկացավ և նախատեց ինձ ամենակեղտոտ հայհոյանքներով։ Ես էլ համբերել չկարողացա, պատասխանեցի նրան մի քանի կոպտություններով։— «Սատանայի լակոտ, ես քո հերը կանիծեմ» ... գոռաց նա կատաղելով, և որովհետև ավելի ժամանակ չուներ, բանտարկեց ինձ ախոռատան մեջ և հրամայեց այնտեղ փակված պահել, մինչև ինքը ճրագալույցի երեկոյան պատարագը կվերջացներ և եկեղեցուց վերադառնալով, իմ հոգին կառներ...

Ոչինչ ինձ այնքան չէր տանջում, որքան այն զգացմունքը, որ ամբողջ քառասուն օր ծոմ ու պաս էի պահել, առավոտյան, կեսօրին և երեկոյան ժամ էի գնացել, աղոթք էի արել, իսկ այս գիշեր, որ զատկի ճրագալույցի գիշերն էր, նույնպես պիտի եկեղեցի գնայի, պատարագ տեսնեի և «Սուրբ-սուրբը» երգելու ժամանակ՝ պետք է մորս տված կարմիր ձուն տաճարին ցույց տայի ու այնուհետև պասս բաց անեի.— այս բոլոր ջերմեռանդ ցանկություններս անկատար մնացին, բոլորից զրկվեցա... Կրոնական զգացմունքը վառ էր իմ մեջ, իմ հոգին լի էր ջերմ հավատքով: Եկեղեցու ամեն մի ծեսը, ամեն մի արարողությունը, ամեն մի պաշտամունքը ինձ համար սրբազան նշանակություն ուներ, և այս պատճառով մեծ ցավ էի զգում, որ այն օր զուրկ մնացի եկեղեցուց։ Մյուս կողմից, ինձ տանջում էր մի սարսափելի նախանձ. ես մեր դպրոցի առաջին աշակերտն էի, իսկ ինձանից հարյուր անգամ ստոր ընկերներս այն գիշեր պետք է եկեղեցում «փոխ» ասեին, «գիրք» կարդային, շարականներ երգեին և իրանց ծնողներին ուրախացնեին,— իսկ իմ խեղճ մայրը պետք է իր որդու ձայնը չլսեր... Այս բոլոր մտածություններն այն աստիճան պաշարել էին ինձ, որ ես բոլորովին մոռացել էի վարժապետիս սպառնալի պատիժը, որ սպասում էր ինձ մի քանի ժամից հետո: