Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/264

Այս էջը հաստատված է

խոխոջմունքը, որոնք հոսում էին կանաչ արտերի մոտով։ Օդը, տոգորված բուսականների անուշահոտությամբ, ծավալվում էր իր թարմ, խոնավ արտաշնչության մեջ։

Մենք շարունակում էինք ճանապարհը միևնույն ուղղությամբ: Ինձ տակավին հայտնի չէր, թե ուր էինք գնում: Հանկարծ Կարոն ընդհատեց մեր մեջ տիրող լռությունը և դարձավ դեպ ինձ այդ խոսքերով.

— Ֆարհատ, գիտե՞ս ինչ կա, ևս չէի ցանկանա, որ իմ ծանոթներից մեկը տեսներ ինձ, բայց դեպքը այնպես բերեց, որ մենք հանդիպեցինք մեկմեկու. ես հուսով եմ, որ մեր հանդիպումը կմնա որպես գաղտնիք։

— Ես չի՞ պիտի գիտենամ պատճառը։

— Այժմ ոչ. հետո ինքդ կհասկանաս... քանի օրից հետո...

— Ես Զաքարիայի նման մունջ կմնամ, երբ այդ ցանկանում ես դու։

— Հա, այդպես, ինձ հարկավոր է առժամանակ ծածուկ մնալ...

Նա կրկին խորասուզվեցավ իր մտածությունների մեջ։

Կարոյի գգուշացուցիչ պատվերը չափազանց զարմացրեց ինձ։ Մի մարդ, որ ամբողջ տասն և երկու տարի հեռացել էր հայրենի երկրից, որին ամենքը կորած էին համարում, որը այժմ մի հրաշքով կրկին հայտնվել էր, ցանկանում էր դարձյալ ծածուկ մնաք, ցանկանում էր իր ծանոթներին, բարեկամներին չհանդիպել։ Ի՞նչ էր գաղտնիքը — այս հարցը սկսեց տանջել իմ միտքը։

Անցնելով ավելի քան կես մղոն ճանապարհ, անապատի միջով, մենք հասանք այն տեղը, ուր անհիշելի ժամանակներից մնացել էին հին ավերակներ, որոնց մասին տատս պատմել էր ինձ այնքան շատ զարմանալի զրույցներ։ Փլատակների մեջ մի մինարեթ միայն մնացել էր ամբողջ և լուսնյակի լուսով նա ավելի գեղեցիկ էր, քան թե ցերեկով։ Նրա կապտագույն մոզայիկները այժմ փայլում էին կախարդիչ հրապույրներով։ Ինձ երևում էր, որ այդ մինարեթը, որպես մի վիթխարի հսկա, փառավոր կերպով վեր բարձրացած փլատակների միջից, լի ոխակալությամբ, սպառնում էր ժամանակներին — «դուք ոչնչացրիք իմ շրջակայքում բոլորը, ինչ որ ստեղծել էր արհեստը և ճարտարությունը, բայց ես կմնամ, դեռ երկար կմնամ և կպատերազմեմ ձեզ հետ»...

Բայց ոչ, այսպիսի մտածություններ չէին զբաղեցնում իմ միտքը... այլ այն րոպեում, երբ հասանք ավերակների մոտ, ինձ