Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/279

Այս էջը հաստատված է

ինձ մոտ.— «Ֆարհատ, էլի չէ երևում նա»... ասում էր խեղճ պառավը ու թափում էր աչքերից ջերմ արտասուքը։

Ես գնում էի որոնելու նրան։ Ո՞րտեղ ասես չէի պտռում, և գտնում էի շատ անգամ պառկած բարձր, սարսափելի քարաժայռի վրա, և կամ լուռ մտախոհության մեջ, նստած հեղեղատի ափի մոտ, հափշտակված էր լինում, աստված գիտե, որպիսի ցնորքներով...

Ի՞նչ էր նրա դարդը, ի՞նչ էր, որ դուրս էր հալածում անբախտ պատանուն մարդկային բնակությունից։— Ես չգիտեի, միայն նկատում Էի, որ նա տանջվում էր ներքին, հոգեկան անհանգստությամբ, և կարծես, իր վշտերը մոռացության տալու համար փախչում էր դեպի սարերը, դաշտերը, անտառները,— առանձնություն և ամայություն էր որոնում։

Ես նրանից չէի հարցնում պատճառը, որովհետև գիտեի նրա բնավորությունը, մի բան որ նա ինքը հայտնել չէր ուզում, եթե հարցնեիր, իսկույն կսկսեր բարկանալ։ Ես հարցրի Ասլանից, նա Ասլանին ինձանից ավելի խելացի էր համարում և շատ բաների մեջ նրա հետ խորհուրդ էր անում։ Բայց Ասլանի հաղորդած տեղեկությունները այնքան մթին էին, որ կարոտ էին առանձին բացատրության։

— Ես էլ չգիտեմ,— ասաց Ասլանը,— թե ինչ սատանա է մտել նրա սրտի մեջ. սիրահարված լինել նա չէր կարող, որովհետև այդ հասակում սերը ջահիլ տղին չէ գժվացնում։

Հետո նա պատմեց, թե սուրբ Հովհաննու մատուռի տոնախմբության օրը (մի ամիս անցել էր այն օրից) Կարոն էլ ուխտավորների թվումն էր։ Այնտեղ հավաքվել էին Սալմաստա ամբողջ գավառից ոչ միայն հայեր, այլ բազմաթիվ օտարազգիներ ևս։ Տոների սովորական հանդեսների համեմատ կատարվեցան զանազան խաղեր։ Բոլոր մրցությունների մեջ, որ տղամարդիկ իրանց շնորհքը ցույց տալու համար կատարում են այս տեսակ հանդեսներում, Կարոն նշանավոր գտնվեցավ։ Ձիարշավների մեջ նա բոլորին հաղթեց, ըմբիշների մեջ իր հասակակիցներից մեկը չգտնվեցավ, որ նրա կողքը գետնին խփեր․ մուշտեկռիվի մեջ բոլորը փախչում էին նրա առջևից, վազ տալու մեջ նա եղջերուից ավելի արագավազ էր, մի խոսքով, բոլոր խաղերի մեջ նա ցույց տվեց զարմանալի ճարպկություններ։ Կարոյի այդ արիությունները նրա վրա դարձրին հանդիսականներից մեկի, որսորդ Ավոյի ուշադրությունը, որ համբուրեց նրա ճակատը և հրավիրեց իր մոտ