Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/288

Այս էջը հաստատված է

Այդ անցքից երեք օր հետո Զումրուդին թաղեցին։ Ամբողջ քաղաքը ցավեց նրա համար։ Նա իբրև բժիշկ այնքան բարի էր, որ չկար մի աղքատ, որ նրա օգնությունը վայելած չլիներ։

Նրա թաղումից հետո Կարոն այլևս չերևաց։ Կարոյի հետ անհայտացան մեր քաղաքից երեք հոգի — որսորդ Ավոն, Ասլանը և Սագոն։ Ու՞ր գնացին,— ոչ ոք չգիտեր...

ԺԲ

ՄԹԻՆ ԳԱՂՏՆԻՔ

Դառնանք դեպի մեր պատմությունը։

Վաղ առավոտյան, դեռ արևը չծագած, ես զարթեցա։ Ես ինձ գտա խորհրդավոր մինարեթում, պառկած ցամաք տերևներից կազմված անկողնի վրա։ Գլխիս տակին, բարձի փոխարեն, դրած էր մի խուրձ խոտ։ Կարոյի վերարկուն ծածկում էր ինձ վերմակի տեղ։ Երևում էր, ընկերներս խնամք էին տարել իմ հանգստության համար, որովհետև դեռ չէի սովորած բացօթյա կյանքի խստություններին։

Երկու զեյթունցիները չկային։ Մյուսները՝ Կարոն, Ասլանը, Սագոն — դեռ քնած էին մերկ գետնի վրա, առանց ծածկոցների։ Նրանց քունը ծանր էր և խորին։ Ինձ երևում էր, թե ամբողջ գիշերը արթուն էին մնացած․ երևում էր, հենց նոր դարձել էին մի հեռու տեղից... որովհետև նրանց տրեխների ցեխը դեռ թաց էր։ Նրանք պառկել էին առանց հանվելու, իրանց հագուստով, մինչև անգամ ոտնամաններով։ Նրանք կրած ունեին և զենքեր, բայց գիշերը, թե ընթրիքի ժամանակ, թե վիճաբանության միջոցին, նրանց վրա զենքեր չտեսա, բացի մի-մի դաշույնից։ Ուրեմն նրանք գիշերը այստեղ չէին մնացած, մտածում էի ես, ուրեմն ինձ հարբեցրին, քնացրին, որ չիմանամ, թե դեպի ո՛ր կողմն են արշավանք գործում...

Բայց ո՞րտեղ կորան այն երկու ծածկամիտ զեյթունցիները, ինչո՞ւ չմնացին այստեղ, ինչո՞ւ Կարոն չծանոթացրեց ինձ նրանց հետ և ոչ ասաց, թե նրանք ովքեր են... Մի՞թե նա չի հավատում ինձ։ Ահա այդ հարցերը զբաղեցրին իմ միտքը, երբ առավոտյան զարթեցա խորհրդավոր մինարեթի մեջ։